2022 թվականի տարեկան աուդիտի իրականացման մրցույթի հրավեր
Ընդհանուր տեղեկություններ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ.-ին և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողովրդավարական գործընթացները՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցիայից զերծ Հայաստանի։
ԹԻՀԿ նպատակներն են կանխարգելել կոռուպցիան, նպաստել իրավունքի գերակայությանը, պաշտպանել հանրային ռեսուրսները հանրային գույքի ու ֆինանսների պատասխանատու կառավարմանը և հանրությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությանը, խթանել օրինավորությունը քաղաքականության մեջ ազատ և արդար ընտրությունների կայացմանը, խթանել քաղաքացիական առաջնորդությունը։
Ծառայության նպատակ
ԹԻՀԿ-ը հրավիրում է աուդիտորական կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ կազմակերպության 2022 թվականի տարեկան աուդիտի համար (եկամուտների շրջանառություն՝ 500,000,000 ՀՀ դրամ)։
Ժամկետներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023թ. հունվարի 16-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել 2023թ․ փետրվարի 1-ից։ Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2023թ. փետրվարի 28-ը։
Ակնկալվող արդյունքներ
- աուդիտորական եզրակացություն;
- աուդիտի արդյունքում կազմված «Նամակ ղեկավարությանը» փաստաթուղթ:
Տեխնիկական գնահատում
Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- աուդիտի իրականացման ժամկետ (30%);
- նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (30%);
- ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգ
Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունները պետք է հայերենով տեխնիկական և ֆինանսական հայտերը ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով։
Հայտերը պետք է ներառեն հետևյալ տեղեկատվությունն ու փաստաթղթերը և պետք է լինեն կնքված և ստորագրված՝
1. Տեխնիկական հայտ
ա) աուդիտորական կազմակերպության պորտֆոլիոն, ներառյալ՝ մրցույթի մասնակցի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, պետական գրանցման վկայականի, աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
- ծառայությունների մատուցման բնութագիրը,
- պետական գրանցման վկայականի և աուդիտորական գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի պատճենները,
- աուդիտորների ինքնակենսագրականները և աուդիտորների որակավորման և մասնագիտական վերապատրաստման վկայականների պատճենները,
- նախորդ հաշվետու տարվա ընթացքում իր կողմից պետական դրամաշնորհներ ստացած կազմակերպություններին նմանատիպ ծառայությունների մատուցման ցանկը,
- մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատուցվելիք ծառայությունների որակը,
- ծառայությունների մատուցման երաշխիքային ժամկետները:
2. Ֆինանսական հայտ
- ծառայությունների մատուցման ընդհանուր գինը (ներառյալ բոլոր տեսակի ծախսերը, այդ թվում՝ նաև հարկերը, տուրքերը և այլն) և վճարման ձևն ու պայմանները,
- մրցույթի մասնակցի հայեցողությամբ ծառայությունների մատուցման ֆինանսական կողմին վերաբերող այլ անհրաժեշտ տեղեկատվություններ և հիմնավորող փաստաթղթեր:
Հայտարարության պահանջներին չհամապատասխանող մրցույթի հայտերը, ինչպես նաև 2023թ. հունվարի 10-ից հետո ներկայացված մրցույթի հայտերը չեն դիտարկվելու, իսկ մերժվածները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2023թ․ հունվարի 10-ը:
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել գլխավոր հաշվապահ Գոհար Հայրյանին 095810709 հեռախոսահամարով: