Ներածություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:
Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը հանրությանը մատուցվող ծառայությունների և ծրագրերի նկատմամբ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականությանը միտված նախաձեռնությունների իրականացման միջոցով:
Ով կարող է դիմել
Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները:
Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը
Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ ոլորտներին/թեմաներին առնչվող հայտերը.
- առողջապահություն (մասնավորապես՝ սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական ծառայության տրամադրում, դպրոցահասակ երեխաների բուժզննում, հանրային ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթով ծառայությունների տրամադրում, պետպատվերի տեղադրում և իրականացում,
- երեխաների պաշտպանություն (մասնավորապես՝ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, շուրջօրյա խնամքի ծառայություններ),
- համայնքային ռեսուրսների կառավարում (մասնավորապես՝ համայնքապատկան հողակտորների, շենք/շինությունների և այլ գույքի աճուրդներ/մրցույթներ, համայնքային գնումներ):
Մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության գործողությունները պետք է կառուցվեն հիմք ունենալով ստորև ներկայացված՝ Բազելի կառավարման ինստիտուտի կողմից մշակված հետևյալ ձեռնարկներում բերված մեթոդները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.
Մասնակցային մոնիտորինգ. գործնական ձեռնարկ
Սոցիալական հաշվետվողականություն. գործնական ձեռնարկ
Ներկայացվող հայտերը պետք է միտված լինեն այնպիսի ուսումնասիրությունների իրականացմանը, որոնց արդյունքները դրամաշնորհառուները հետագայում կօգտագործեն համապատասխան քաղաքականությունների փոփոխությանը միտված ջատագովության շրջանակներում: Այդ նպատակով ծրագրի վերջում նրանք պետք է կազմեն և հրապարակեն արդյունքների վերաբերյալ զեկույց՝ ներառելով գործողությունների արդյունքների ամփոփումը, բացահայտված խնդիրները և փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: Հայտատուները ծրագրի շրջանակներում նաև պետք է նախատեսեն առաջարկությունների խթանմանն ուղղված ջատագովության հստակ գործողություններ:
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ծրագրի չորրորդ փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 23 750 000 ՀՀ դրամ: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 4 750 000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 8-12 ամիս:
Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է ս.թ. հունիսի 1-ից:
Հայտերի գնահատման չափորոշիչներ
Ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԹԻՀԿ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.
I. Կազմակերպության փորձը (20 միավոր)
- կազմակերպության առաքելությունը և նպատակները
- կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում
- ծրագրում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը
II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր)
- համապատասխանությունը նշված թեմաներին
- կարիքի հիմնավորումը
- համապատասխանությունը առաջարկվող մեթոդաբանություններին (տե´ս վերոհիշյալ ձեռնարկները)
- գործողությունների աշխարհագրությունը
- ակնկալվող արդյունքները
- իրականացման ժամանակացույցը
III. Ջատագովության ռազմավարությունը (20 միավոր)
- ուսումնասիրության արդյունքների օգտագործումը/ջատագովությունը
IV. Բյուջեն (20 միավոր)
- բյուջեի և նպատակների համապատասխանությունը
- առաջարկվող ծախսերի ողջամտությունը
Բացի վերը նշված չափանիշներից ընտրության ժամանակ փորձագիտական հանձնաժողովի կողմից հաշվի է առնվելու ներկայացվող առաջարկի նորարարությունը՝ ոլորտում իրականացված ծրագրերի հետ չկրկնվելու հանգամանքը։
Դրամաշնորհառուի վերջնական ընտրության համար հիմք կծառայեն ԹԻՀԿ կողմից իրականացվող՝ ՀԿ-ի ինստիտուցիոնալ գնահատման արդյունքները և երաշխավորագրերը՝ այլ դրամաշնորհատու կազմակերպություններից:
Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը
Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով.
- Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Դիմումի ձև)
- Աշխատանքային պլանը (Հավելված 1)
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
- Ծրագրում ընդգրված աշխատակազմի համառոտ կենսագրականները
- Ընտրված ոլորտում կազմակերպության կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում
Ծրագրի առաջարկը պետք է ներկայացվի մինչև 15 էջի սահմաններում` հայերեն լեզվով, տառատեսակը Arial AM կամ Arian AMU, տառաչափը` Font 11, տողամիջյան հեռավորությունը 1.15, լուսանցքները` 20 մմ:
Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև ս.թ. ապրիլի 12-ը, ժամը 10։00-ը [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Small grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին կամ զանգահարել 010 569589 կամ 010 569689 (108) հեռախոսահամարներով:
Հետաքրքրված ՔՀԿ-ների համար ս.թ. մարտի 30-31-ին ԹԻՀԿ-ի կողմից կկազմակերպվի երկօրյա դասընթաց` «Հանրային քաղաքականության մոնիտորինգի մասնակցային մեթոդներ» դասընթաց նախատեսվող ծրագրային առաջարկները մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության սկզբունքներին և գործիքակազմին (տե´ս վերոհիշյալ ձեռնարկները) առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով: Դասընթացի վերջում նաև կկազմակերպվի հարցուպատասխան դիմորդների հետ և ԹԻՀԿ թիմի կողմից կտրվեն պատասխաններ ՀԿ-ների կողմից բարձրացված հարցերին:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք մինչև ս.թ. մարտի 21-ը ներառյալ` լրացնելով սույն դիմում-հայտը։