Ներածություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` նպաստելու թափանցիկությանը և հաշվետվողականությանը հանքարդյունաբերության ոլորտում:
Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել պատասխանատու հանքարդյունաբերության, ինչպես նաև՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ - EITI) շրջանակում հանրային մասնակցության խթանմանը:
Ով կարող է դիմել
Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական նախաձեռնությունները:
Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը
Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ թեմաներին առնչվող և պատասխանատու հանքարդյունաբերությանը միտված հայտերը.
- Հանքարդյունաբերությանն առնչվող ուսումնասիրություններ, ազդեցության վերլուծություններ, կոռուպցիոն ռիսկերի գնահատումներ,
- Հանքարդյունաբերության և ԱՃԹՆ-ի վերաբերյալ տեղեկատվական/ճանաչողական նյութերի ստեղծում և տարածում,
- Հանքարդյունաբերության և ԱՃԹՆ-ի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացում/ քննարկումներ, մասնավորապես՝ ազդակիր համայնքներում, և որոշումների ընդունմանը մասնակցության ապահովում,
- Հանքարդյունաբերության նկատմամբ հանրային վերահսկողության գործողություններ:
Իրականացվող ծրագրի արդյունքները պետք է կիրառելի լինեն՝ հետագայում հանքարդյունաբերության քաղաքականության կատարելագործմանն ուղղված գործողությունների համար:
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
«Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 36,300,000 դրամ: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 12,100,000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել մինչև 10 ամիս և ավարտվել մինչև 2019թ. նոյեմբերի 15-ը:
Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է 2019թ. փետրվարի 1-ից:
Հայտերի գնահատման չափորոշիչներ
Ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԹԻՀԿ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.
I. Կազմակերպության փորձը (20 միավոր)
- կազմակերպության առաքելությունը և նպատակները
- կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում
- ծրագրում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը
II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր)
- համապատասխանությունը նշված թեմաներին
- կարիքի հիմնավորումը
- գործողությունների աշխարհագրությունը
- ակնկալվող արդյունքները
- իրականացման ժամանակացույցը
III. Արդյունքների հետագա կիրառելիությունը (20 միավոր)
- ծրագրի ընթացքում ձևավորված արդյունքների կիրառելիությունը և այդ ուղղությամբ առաջարկվող գործողությունները հանքարդյունաբերության քաղաքականության կատարելագործման առումով
IV. Բյուջեն (20 միավոր)
- բյուջեի և նպատակների համապատասխանությունը
- առաջարկվող ծախսերի ողջամտությունը
Բացի վերը նշված չափանիշներից ընտրության ժամանակ փորձագիտական հանձնաժողովի կողմից հաշվի են առնվելու ներկայացվող առաջարկի նորարարությունը և ոլորտում իրականացված ծրագրերի հետ չկրկնվելու հանգամանքը։
Դրամաշնորհառուի վերջնական ընտրության համար հիմք կծառայեն ԹԻՀԿ կողմից իրականացվող՝ ՔՀԿ-ի ինստիտուցիոնալ գնահատման արդյունքները և երաշխավորագրերը՝ այլ դրամաշնորհատու/գործընկեր կազմակերպություններից:
Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը
Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով.
- Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Դիմումի ձև)
- Աշխատանքային պլանը (Հավելված 1)
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
- Ծրագրում ընդգրկված աշխատակազմի համառոտ կենսագրականները
- Ընտրված ոլորտում կազմակերպության կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում
Ծրագրի առաջարկը պետք է ներկայացվի մինչև 15 էջի սահմաններում` հայերեն լեզվով, տառատեսակը Arial AM կամ Arian AMU, տառաչափը` Font 11, տողամիջյան հեռավորությունը 1.15, լուսանցքները` 20 մմ:
Ս.թ. նոյեմբերի 6-ին կկազմակերպվի հանդիպում շահագրգիռ ՔՀԿ-ների հետ: Ցանկացողներին խնդրում ենք իրենց մասնակցության մասին տեղեկացնել մինչև նոյեմբերի 1-ը [email protected] հասցեով՝ նամակի վերնագրում գրելով «Q&A session»: Հանդիպման վայրը կհայտարարվի ավելի ուշ:
Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 18-ը՝ օրվա վերջ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Mining grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին: