«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը հայտարարում է Հակակոռուպցիոն դպրոցի ընդունելություն, որի նպատակն է երիտասարդներին գիտելիքներ տրամադրել կոռուպցիայի, դրա տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, աշխարհում և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերի մասին:


Դպրոցի ընթացքում դասախոսություններ և քննարկումներ կունենան տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ:


Դասընթացի մասնակցությունն անվճար է: Կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները:


Ընդունելությունն իրականացվելու է դիմում-հայտերի միջոցով, որոնց ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է:


Դպրոցի դասերը տեղի կունենան ապրիլի 27-ից մայիսի 18-ը՝ երեքշաբթի, հինգշաբթի օրերին ժամը 17:30 և շաբաթ օրերին՝ 12:00-ին, տևողությունը` 2.5 ժամ: Կազմակերպությունը հոգում է մարզերից մասնակիցների տրանսպորտային ծախսերը։


Մասնակիցներին հնարավորություն կտրվի ստացված գիտելիքների և կոռուպցիայի դեմ պայքարի իրենց գաղափարների հիման վրա մշակել ծրագրեր: «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը աջակցություն կտրամադրի լավագույն ծրագրերի իրականացմանը:
Առնվազն 80 տոկոս դասերին ներկա գտնված մասնակիցները կստանան վկայական:


Բաց մի՛ թողեք Հայաստանի Հանրապետությունում այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ կոռուպցիայի մասին գիտելիքներ ստանալու, տարբեր ոլորտների հեղինակավոր փորձագետների և որոշում կայացնողների հետ հանդիպելու հնարավորությունը: Դիմե՛ք հենց այսօր:

Հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի կողմից, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում: Ծրագրի իրականացման գործընկերներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻՀԿ) Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը: