Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
ԹԻՀԿ-ն հայտարարում է ծառայության մատուցման մրցույթ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում՝ հրավիրելով սոցիոլոգիական ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացված կազմակերպություններին:
Ծառայության նկարագրությունը
Նպատակը
Ուսումնասիրության նպատակն է հարցման միջոցով պարզել բիզնես սեկտորի ներկայացուցիչների՝ Հայաստանի Հանրապետությունում ներկայիս տնտեսական մրցակցության վիճակի վերաբերյալ ընկալումը և առկա խնդիրներն, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերը:
Հետազոտության խնդիրները
Հետազոտության խնդիրն է պարզել, թե ինչպես են տնտեսվարողները գնահատում մրցակցային իրավիճակը ՀՀ-ում, մասնավորապես՝ իրենց շուկայում, արդյո՞ք իրենց գործունեությունը ծավալելիս ազատ են պետական անհարկի միջամտությունից, որո՞նք են համարում մրցակցային դաշտի զարգացման նախապայմանները, որքանո՞վ են մրցակցային համարում պետական գնումների համակարգը, արդյո՞ք երբևէ փորձել են վերականգնել իրենց խախտված իրավունքները ազատ մրցակցության առումով, երբևէ կարիք ունեցե՞լ են տեղեկատվության տնտեսական գործունեության մրցակցայնությունը ապահովելու նպատակով, արդյո՞ք դիմել են ՏՄՊՊՀ-ին և ինչպես են գնահատում դրա գործունեությունը, արդյո՞ք երբևէ առնչվել են գերակա դիրքի չարաշահման դեպքերի, հակամրցակցային համաձայնությունների, չհայտարարագրված համակենտրոնացումների և անբարեխիղճ մրցակցության այլ դեպքերի հետ։
Հետազոտության մեթոդաբանություն
Հետազոտությունը պետք է ներառի սոցիոլոգիական քանակական ներկայացուցչական և ըստ անհրաժեշտության՝ որակական ուսումնասիրություն (Երևանում և ՀՀ մարզերում) ապրանքներ արտադրողների և ներմուծողների շրջանում։
Ակնկալվող արդյունքները
Ուսումնասիրության արդյունքում պետք է կազմվի ամփոփիչ զեկույց՝ հայերենով, որը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։
Ծառայությունը պետք է մատուցվի 2019 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին, հետևյալ ժամանակացույցով.
- օգոստոս 2019 թ․ – ուսումնասիրության նախնական մեթոդաբանություն/հարցաշար, քննարկում, համաձայնեցում,
- սեպտեմբեր 2019 թ․ – դաշտային աշխատանքների իրականացում,
- հոկտեմբեր 2019 թ․ – նախնական զեկույցի կազմում/աշխատանքային քննարկում,
- հոկտեմբեր 2019 թ․ – վերջնական զեկույցի ներկայացում։
Պահանջվող որակավորում
- Դիմորդ կազմակերպությունը պետք է ունենա ՀՀ-ում գործարար ոլորտում սոցիոլոգիական հարցում կատարելու փորձ և կոռուպցիայի ոլորտին առնչվող փորձառություն:
Տեխնիկական գնահատում
Դիմորդ կազմակերպությունների ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա․
- առաջարկվող մեթոդաբանություն (30%),
- պահանջվող որակավորում և փորձ (30%),
- ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը,
- Պորտֆոլիո, ներառելով առնչվող ուսումնասիրությունների և գործընկերների/պատվիրատուների ցանկը, ուսումնասիրության մեջ ներգրավվող անդամների կենսագրականները,
- Նմանատիպ ուսումնասիրությունների մեթոդաբանության և առավել համապատասխան զեկույցի նմուշ/հղում,
- Ծառայության արժեք / բյուջե։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն անգլերենով կամ հայերենով ուղարկել էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Գործարարների հարցում» մինչ 2019 թ. հունիսի 23-ը: