«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է ֆորում թատրոնի համար գրված պիեսների մրցույթ: Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի ընտրական գործընթացներում առկա խնդիրները և միտված լինեն փոխել ընտրողի վերաբերմունքն ու վարքագիծը՝ ձևավորելով անհանդուրժողականություն ընտրակաշառքի, ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրակեղծիքների նկատմամբ:

Մրցույթի հաղթողը կստանա պարգև՝ HDR-CX190E մոդելի տեսախցիկ:

Պիեսները պետք է.

  • գրված լինեն հայերեն լեզվով,
  • խստորեն համապատասխանեն ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկություններին, կանոններին և ձևաչափին
  • նախկինում բեմադրված չլինեն
  • ծավալվեն մեկ գործողության (արար) շրջանակներում
  • չգերազանցեն տպագիր 10 էջը
  • նախատեսված լինեն 20-25 րոպե տևողությամբ ներկայացման համար
  • ներառեն ոչ ավել քան 4 բեմական գործող անձ
  • պահանջեն փոքր ծավալի դեկորացիա և քիչ բեմական պարագաներ
  • պարունակեն որոշ հումորային տարրեր

Ներկայացած պիեսը պետք է լինի տվյալ հեղինակի մտքի սեփականությունը և չխախտի այլ անձանց հեղինակային իրավունքները (մրցույթի կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում որևէ անձի հեղինակային իրավունքների խախտման համար): Կարող են օգտագործվել այլ հայտնի ստեղծագործությունների մոտիվներ, սակայն, առանձին վերցված դրանք պետք է լինեն նոր նյութեր և համապատասխանեն տվյալ մրցույթի պայմաններին: Ներկայացնելով իր ստեղծագործությունը՝ հեղինակը իրավունք է տալիս կազմակերպչին բեմադրել պիեսը, բեմադրման ընթացքում կատարել պիեսի որոշակի շտկումներ և ձևափոխություններ, ինչպես նաև՝ կազմակերպել դրա անսահմանափակ ցուցադրումներ ինչպես Երևանում ու Հայաստանի մարզերում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ:

Մրցույթին ներկայացվող նյութերը կգնահատի մասնագետներից կազմված ժյուրին: «Ժամանա՛կն է սթափվել» հակակոռուպցիոն քարոզարշավի շրջանակներում հայտարարված ֆորում թատրոնի համար գրված պիեսների մրցույթի ժյուրի անդամներն են.

  • Աշոտ Ադամյան, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ
  • Արմեն Օհանյան, արձակագիր
  • Հայկ Սեկոյան, «Փոփոխությունների թատրոն» ՀԿ, հիմնադիր
  • Նազարեթ Կարոյան, արվեստի քննադատ, «Ժամանակակից արվեստի ինստիտուտ», հիմնադիր տնօրեն
  • Օլյա Ազատյան, «Artlab» խմբի անդամ
  • Լաուրա Գևորգյան, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ», ծրագրի համակարգող

Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց պիեսի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև հեղինակի անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ (ներառված մեկ Microsoft Word ֆայլում) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով 2014 թ. հունվարի 20-ը` ժամը 10:00-ը: Ֆորում թատրոնի ժանրային առանձնահատկությունների, կանոնների և ձևաչափի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար գրել նույն հասցեով կամ զանգահարել Լենա Նազարյանին (010) 571399 կամ (093)707985 հեռախոսահամարներով:

Մրցույթն իրականացվում է «Ժամանակն է սթափվե՛լ» հակակոռուպցիոն քարոզարշավի շրջանակներում: