«Ոչխարավարությունը» ճանաչվել է «Ժամանա՛կն է սթափվել» քարոզարշավի անիմացիոն մրցույթի հաղթող
Ս.թ. հոկտեմբերի 10-ին «The Club» սրճարանում տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախաձեռնած «Ժամանա՛կն է սթափվել» անիմացիոն մրցույթի մրցանակաբաշխությունը: Մասնակիցներից պահանջվում էր ցույց տալ, թե ինչու է կարևոր, որ մարդիկ լինեն տեղեկացված, դիմեն պետական կառույցներին՝ տեղեկություններ ստանալու համար, պահանջեն հաշվետվողականություն ու տեղեկատվության մատչելիություն, առաջ քաշած խնդրի միջոցով խթանեն քաղաքացու վարքագծի փոփոխություն և հետաքրքրություն առաջացնեն հանրային կյանքին առնչվող տեղեկությունների վերաբերյալ: Մրցույթի մասնակիցներին առաջադրանք էր տրվել տվյալ գաղափարը ներկայացնել մինչև 3 րոպե տևողությամբ անիմացիոն տեսանյութի միջոցով:
Բացման խոսքով հանդես է եկել ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանը, որը նաև ներկայացրել է մրցույթի արդյունքները: Ըստ բանախոսի՝ մրցանակակիրներին ընտրելիս ժյուրիի անդամներն առաջնորդվել են հետևյալ գնահատման չափանիշներով՝ հետաքրքիր գաղափար և մոտիվացնող հաղորդում/մեսիջ, ստեղծագործական մոտեցում և հմուտ գրաֆիկական աշխատանք: Ժյուրիի անդամներն էին «Շողակաթ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Արա Շիրինյանը, կինոռեժիսոր Դավիթ Ստեփանյանը, արվեստի քննադատ, «Ժամանակակից արվեստի ինստիտուտի» հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյանը, գրաֆիկական դիզայնի մասնագետ, «Ուտոպիանա.ամ» մշակութային-ստեղծագործական հասարակական կազմակերպության նախագահ Նորա Գալֆայանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի (նախկին Ինտերնյուս) գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
Մրցույթի մասնակից Արման Յարալյանը «Ոչխարավարություն» ֆիլմի համար արժանացել է մրցանակի՝ տեսախցիկի: Ֆիլմն այն մասին է, թե ինչ ընտրություն կանեին ոչխարները, եթե ընտրելու հնարավորություն ունենային: «Խրախուսական պարգև» է տրվել Արսեն Անտոնյանին «Փոքրիկ իշխանի ճանապարհորդությունը Հայաստան» ֆիլմի համար, իսկ Արման Այվազյանը, Արփինե Այվազյանը և Հերմինե Սամվելյանն ստացել են «Մասնակցության վկայականներ»: