Ս.թ. սեպտեմբերի 27-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու կապակցությամբ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի որպես տեղեկատվություն ստանալու իրավունքը ամենաակտիվն ու լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն: Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ու արտերկրյա դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ` ծանոթանալու Ոսկե բանալի` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ և Ժանգոտ կողպեք՝ որպես փակ աշխատանքի խորհրդանիշ մրցանակների դափնեկիր կազմակերպությունների և անձանց հետ:

Մրցանակը ստանալիս՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասել է. «Ինֆորմացիայի ազատությունը թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովող անհրաժեշտ պայման է, առանց որոնց անհնար է կոռուպցիայի դեմ պայքարը»: Հույս հայտնելով, որ ապագայում կքաջալերվի ոչ միայն ուղղակի ինֆորմացիա տալը, այլ որակյալ ինֆորմացիա տրամադրելը, նա շնորհակալություն է հայտնել պատշաճ ինֆորմացիա տրամադրող պետական մարմիններին և այն լրատվամիջոցներին, որոնք օգնում են ԹԻՀԿ-ին իր աշխատանքում:

Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվել է նաև հետևյալ անձանց և կազմակերպություններին.

- ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,

- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,

- Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց,

- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր,

- Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավաբան: Վերջինս Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրն է:

Մանրամասների համար այցելեք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ինտերնետային կայքը: