ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության (ՔԳՎ) Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը՝ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում էին նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով: