ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը
Սույն հայտարարությամբ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, վերահաստատելով իր աջակցությունը Հայաստանի Հանրապետության` արտասահմանյան պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի կապերի ընդլայնմանը, միևնույն ժամանակ արտահայտում է իր անհամաձայնությունը և խորը վրդովմունքը ՀՀ նախագահի` 2013թ. սեպտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական միության ձևավորման գործընթացին մասնակցելու հայտարարության կապակցությամբ:
Գրեթե երեքուկես տարի շարունակ, Արևելյան գործընկերության շրջանակներում, Հայաստանի իշխանությունները բանակցություններ էին վարում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի վերաբերյալ: Թվում էր, թե Հայաստանի իշխանությունները բացարձակ նախանձախնդրությամբ էին վերաբերվում վերոնշյալ հույժ կարևոր փաստաթղթերի մշակմանը և կյանքի կոչմանը, սակայն ՀՀ նախագահի հայտարարությունը եկավ ապացուցելու ճիշտ հակառակը:
Հայաստանի իշխանությունների մտադրությունը՝ միանալ Մաքսային միությանը` ի վնաս ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, հակասում է իրենց իսկ կողմից եվրոպական ինտեգրումը որպես արտաքին քաղաքականության առաջնայնություն հռչակող բազմաթիվ հայտարարություններին: Այն անիմաստ է դարձնում հսկայական ջանքերն ու ծախսերը, որոնք վերջին տարիներին արվել էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ԵՄ-ի կողմից՝ բանակցություններ վարելու և փաստաթղթեր մշակելու նպատակով: Բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը և Եվրամիության հետ կապերի ամրապնդմանը, և որոնց համար զգալի ռեսուրսներ պահանջվեցին, դարձան ապարդյուն: Ավարտվածները չեն հանգեցնի լիարժեք արդյունքի, իսկ ընթացիկ ծրագրերը հայտնվել են լուրջ վտանգի առջև:
Մի երկրի, որը գտնվում է քաղաքական և տնտեսական զարգացման անհամեմատ ավելի ցածր մակարդակի վրա, քան Եվրոպական միությունը, փաստացի հրաժարումը աշխարհի խոշորագույն տնտեսության հետ ինտեգրվելուց և մոլորակի առավել կայուն տարածաշրջանի հետ բազմակողմանի համագործակցությունը խորացնելուց՝ աննախադեպ երևույթ է: Հատկապես այն լույսի ներքո, որ հրաժարումը տեղի ունեցավ Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում, որն այս պահին, մեղմ ասած, իրեն ոչնչով չի արդարացրել նունիսկ նրան արդեն իսկ միացած երկրների համար, և որի հեռանկարները բավականին անորոշ են:
Սերժ Սարգսյանի անակնկալ հայտարարությունը, որն ունեցավ նման հետևանքներ, անվերականգնելի վնաս հասցրեց ՀՀ միջազգային վարկին և համբավին` որպես վստահության արժանի գործընկերոջ:
Ոչ մի քննադատության չեն դիմանում մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և որոշ՝ չափից ավելի հավատարիմ փորձագետների պնդումները, ովքեր ջանում են Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման տապալման մեղքը բարդել Բրյուսելի ուսերին: Մենք ամբողջովին հիմնավորված և բնական ենք համարում առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի՝ մոտ 80 տոկոսով կրճատված փաստաթուղթը Եվրոպական միության կողմից չդիտարկելու որոշումը, քանի որ այդ նոր մոտեցման շուրջ նույնիսկ նախնական խորհրդակցություններ և բանակցություններ չեն վարվել:
Չափազանց անհամոզիչ են հնչում նաև տնտեսական հաշվարկների և անվտանգության հետ կապված ռիսկերի վերաբերյալ գնահատականները: Եթե նման մտայնությունները կարող էին արգելք հանդիսանալ Եվրամիության հետ ասոցացման ճանապարհին, ապա դրանք պետք է հայտնի դառնային և դիտարկվեին բանակցությունների ավարտից շատ ավելի վաղ: Այս դեպքում նախընտրությունը, որը Երևանի կողմից տրվեց Մաքսային միությանը, բոլոր միջազգային գործընկերների և Հայաստանի հասարակության կողմից կընկալվեր՝ որպես առավել արժանի և ընդունելի, այնինչ այսօր բոլոր հիմքերը կան՝ խոսելու ազգային նվաստացման մասին:
Եթե անգամ հաշվի առնենք, որ ՀՀ իշխանությունները, շրջվելով դեպի Մաքսային միություն, ստացել են որոշակի այսրոպեական օգուտներ անվտանգության և այլ ոլորտներում, այնուամենայնիվ, կան բազմաթիվ հիմքեր ենթադրելու, որ երկարաժամկետ կտրվածքով՝ արտաքին սպառնալիքների առումով երկիրը դառնում է ավելի խոցելի: Եվ այդ սպառնալիքներից գլխավորներն են հանդիսանում միջազգային հանրության կողմից Հայաստանի շահերի անտեսման միտումը և ինքնիշխանության զիջման անվերահսկելի գործընթացը: Այսօր, փաստորեն, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ մեկտեղ առաջ են գալիս նոր գործոններ, որոնք խորացնում են Հայաստանի Հանրապետության համար այնպիսի ցավոտ խնդիրը, ինչպիսին արտագաղթն է:
Ենթադրաբար՝ ոչ առանց ՀՀ ղեկավարության անուղղակի մասնակցության տարածվող ակնարկներն այն մասին, թե իբր նման որոշումը կայացվել է ճնշման տակ, չեն արդարացնում Ասոցացման համաձայնագրի անփոփոխ կուրսի հետ կապված նախկին հավաստիացումների ուրացումը: Երկրի համար նման ճակատագրական որոշման ընդունման ժամանակ արտաքին ազդակները միշտ առկա են, և դրանց բախվել են Արևելյան գործընկերության բոլոր պետությունները: Սակայն ավելի կայուն ու ռիսկերից պաշտպանված են այն որոշումները, որոնք հիմնվում են գիտակցված ազգային շահի վերաբերյալ հասարակության համերաշխության վրա: Իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել հասարակությանը Ասոցացման համաձայնագրի բովանդակության և առավելությունների, ինչպես նաև ընդհանուր առմամբ եվրոպական ինտեգրացիայի մասին իրազեկելու ուղղությամբ՝ տեղեկատվական դաշտը թողնելով որպես մտացածին «եվրոպական արժեքների» մասին էժանագին շահարկումների հարթակ:
Թվարկված բոլոր հանգամանքները մեզ թույլ են տալիս հաստատել, որ ՄՄ-ի վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ ելնելով մարդկանց այն նեղ շրջանակի շահերից, որոնց ծրագրերի մեջ չի տեղավորվում Արևելյան գործընկերությամբ, մասնանավորապես Ասոցացման համաձայնագրով նախատեսված բարեփոխումների ընդլայնված փաթեթի իրականացումը:
Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության որոշակի բաժին է ընկնում նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ԵՄ կառույցների վրա, որոնք բավական երկար ժամանակ Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում անցնում էին թույլատրելի հանդուրժողականության սահմանը՝ շատ դեպքերում համակերպվելով պարտավորությունների կատարման իմիտացիայի հետ և առաջնորդվելով «ավելի շատ՝ քչի դիմաց» բանաձևով: Ըստ երևույթին, դա որոշակի հիմքեր տվեց ՀՀ քաղաքական վերնախավին՝ ԱլԳ քաղաքական գործընթացին վերաբերել ոչ պատշաճ լրջությամբ և պատասխանատվությամբ:
Բացասական գործոն դարձավ նաև ԱլԳ երկրների միջև իրական գործընկերային հարաբերությունների, դեպի ընդհանուր առաջնահերթություններն ու շահերը կողմնորոշման, միմյանց փոխօգնության հասնելու ցանկության բացակայությունը: Որպես հետևանք՝ յուրաքանչյուրը գործում էր միայնակ` հարևանների անհաջողությունները և շեղումները դիտարկելով որպես սեփական առավելություն: Հուսով ենք, որ Հայաստանի անցանկալի նախադեպը փոխհարաբերությունների փոփոխման անհրաժեշտություն կթելադրի «վեցնյակի» ներսում:
Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խափանումը միանշանակորեն ենթադրում են լուրջ շրջադարձ երկրի արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման ու բազմաթիվ այլ ոլորտներում: Նման կարևորության որոշումները չպետք է ընդունվեն առանց Ազգային ժողովի, կառավարության, անվտագության խորհրդի օրակարգային, ինչպես նաև հանրային քննարկումների:
Համապատասխան պաշտոնական խորհրդատվությունների բացակայությունը թույլ է տալիս ՀՀ նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունն ընկալել ոչ այլ կերպ, քան իր միանձնյա կողմնորոշումը, որը մեր կողմից չի կարող անփոփոխելի համարվել: Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ Ազգային ժողովից պահանջում ենք սեղմ ժամկետներում տվյալ հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպել և հրավիրել արտահերթ նիստ, որը գնահատական կտա ՀՀ նախագահի հայտարարությանը: Կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորներին, անկախ խմբակցական պատկանելությունից, վերկուսակցական դիրքորոշում ցուցաբերել Մաքսային միությանը միանալու և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ, քանի որ այս ընտրությունը դուրս է առանձին քաղաքական ուժերի շահերի շրջանակներից և կանխորոշում է ազգի ճակատագիրը երկարաժամկետ հեռանկարում:
ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք սեպտեմբերի 19-ին մասնակցելու «Հրազդան» հյուրանոցում, ժամը 14:00-17:00 կայանալիք ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովին և ներկայացնելու նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության հիմնավորումները՝ Մաքսային միությանը միանալու և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու վերաբերյալ:
Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, ով պատկերացնում է այս ընտրության բոլոր հետևանքները, ում համար կարևոր է մեր երկրի՝ թանկ գնով նվաճված անկախությունը և նրա ժողովրդավարական զարգացումը, սեպտեմբերի 3-ին հայտարարված որոշումը չի կարող ընդունելի լինել:
Իրավիճակը հնարավոր է շտկել միայն հասարակության առողջ և ոչ անտարբեր ուժերի համախմբմամբ և քաղաքացիական ակտիվությամբ: Անկախ մոտակա ամիսների զարգացումներից, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հավատարիմ է մնում եվրաինտեգրման գործընթացին առավելագույն արդյունավետությամբ նպաստելու իր առաքելությանը և բոլոր համախոհներին հրավիրում է սերտ համագործակցության:

