Ս.թ. սեպտեմբերի 2-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՀՀ ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ներկայացված օրինագծերի վերաբերյալ քննարկմանը: Սոնա Այվազյանը ներգրավված էր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ստեղծված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբում: Նախագծի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձաքննական եզրակացությունների ստացման ընթացակարգը: Այդ օրինագծի քննարկումը հետաձգվել է:

Հանդիպման ընթացքում քննարկել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ բնապահպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, և փաթեթի ստեղծմանը ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի հետ մեկտեղ մասնակցել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՔՀԿ անդամերը տեղեկացրել են, որ, ստեղծելով աշխատանքային խումբ, կազմակերպել են հանդիպումներ Ջերմուկում, Գավառում, Գյումրիում՝ հնարավորություն ընձեռելով համայնքների բնակիչներին բարձրաձայնել համայնքներում և մարզերում օրենսդրական լուծում պահանջող բնապահպանական և գյուղատնտեսական հիմնախնդիրները: Քննարկվել է Սևանա լիճը թափվող գետերի վրա կառուցվող փոքր հէկ-երի հարցը, որոնք, ըստ ՔՀԿ ներկայացուցիչների, խաթարում են էկոհամակարգը: ՔՀԿ աշխատանքային խումբը, կարևորելով սննդի անվտանգության ոլորտում օրենսդրական բարեփոխումները, առաջարկեց օրենսդրորեն կարգավորել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների, հատկապես ԳՄՕ սերմերի ներկրումը Հայաստան: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև բնապահպանական փորձաքննության օրենսդրական փոփոխություններին և գյուղական համայնքներում տարվող դրամավարկային քաղաքականությանը: