ԹԻՀԿ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) բազմիցս բարձրացրել է Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների քանդման և/կամ ոչնչացման և դրանցում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու խնդիրը: Ընդ որում, ԹԻՀԿ-ի վկայակոչած փաստերն արձանագրված են ՀՀ գլխավոր դատախազության կողմից և տեղակայված են ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում: Սակայն, սկսած 2009-ից, ԹԻՀԿ հարցումներին ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ոստիկանության կողմից տրվել են հաճախ իրար հակասող պատասխաններ: Հաշվի առնելով այդ հանգամանքը և վերստին դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հավսեփյանին՝ ԹԻՀԿ-ը խնդրել է հայտնել, թե Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների քանդման և ոչնչացման համար
-պետական ո՞ր մարմինների աշխատանքներում են բացահայտվել թերություններ, բացթողումներ կամ խախտումներ,
- իրավապահ մարմինների, մասնավորապես, ՀՀ դատախազության կողմից, ոլորտի վիճակի և պահպանման համար պատասխանատու ո՞ր մարմիններին են ուղարկվել խախտումները վերացնելու միջնորդագրեր,
- վերջիններս ի՞նչ միջոցներ են ձեռնարկել առկա թերությունները շտկելու կամ խախտումները վերացնելու ուղղությամբ,
- յուրաքանչյուր կոնկրետ հուշարձան-շենքի քանդման համար ո՞վքեր են ենթարկվել պատասխանատվության՝ կարգապահական, վարչական կամ քրեական, և պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվել:
Հարկ է հիշեցնել, որ ԹԻՀԿ հաղորդման հիման վրա 2011 թ. օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչություն Կենտրոնականի քննչական բաժինը նշված փաստերի հիմքով հանցագործության մասին կայացրել է «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը, ըստ որի « պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ողջ տարածքով մեկ կատարվել են մանրակրկիտ ուսումնասիրություններ և ստուգումներ: Այդ նպատակով կազմված համապատասխան խմբերի կողմից վեր են հանվել այդ բնագավառում տեղի ունեցած բոլոր թերություններն ու խախտումները և ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերի իրավասու մարմիների կողմից կատարված խախտումների վերաբերյալ վերջնական իրավական գնահատականներ են տրվել, մասնավորապես նախապատրաստվել են նյութեր, հարուցվել են քրեական գործեր և վարչական վարույթներ, որոնց արդյունքներով քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության են ենթարկվել մի շարք քաղաքացիներ և պատասխանատու պաշտոնատար անձինք: .համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածի 35-ի 1-ին մասի 7-րդ կետի քրեական հետապնդումը բացառող հանգամանք է հանդիսանում այն հանգամանքը, երբ անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում»:
Ավելի վաղ, նույն փաստերով և նույն հիմքերով ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ԹԻՀԿ հարցմանն ի պատասխան ներկայացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության տեղեկանքը, ըստ որի «Երևանի քաղաքապետի և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմինների պաշտոնատար անձանց . գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի . հանցակազմերի հատկանիշներ չեն պարունակել, այդ իսկ պատճառով քրեական գործեր չեն հարուցվել»:
Ստացվում է այնպես, որ երկու իրավապահ մարմին նույն փաստերը վկայակոչելով տալիս են բոլորովին տարբեր պատասխաններ՝ մի դեպում պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տրված լինելու և պատասխանատվության ենթարկած լինելու հիմքով մերժվում է քրեական գործի հարուցումը, մյուս դեպքում հերքվում է պաշտոնատար անձանց արարքներում իրավախախտման հատկանիշների փաստը: Ակնհայտ է, որ նման պարագայում փաստերի գնահատումը արժանահավատ չի կարող լինել, քանի որ հենց նույն դատախազությունն արձանագրել է սահմանված կարգի խախտումով թվով 29 պատմամշակութային շինության քանդման դեպք: Մինչդեռ, ԹԻՀԿ ուսումնասիրությունների համաձայն, միայն Երևան քաղաքում 2000 թ. մինչ օրս քանդվել և ոչնչացվել է մշակութային հուշարձան հանդիսացող առնվազն 25 շենք:

