«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի հյուրն էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը: Նա ներկայացրել է ԹԻ հետազոտական պրոդուկտները, անդրադարձել է ԹԻ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013 թ. հարցման հիմնական արդյունքներին, կոռուպցիայի դեմ պայքարի այլ երկրների փորձին՝ ժողովրդավարական և թե ռեպրեսիոն մեթոդներով, կոռուպցիայի լուրջ նվազման բերող ուղուն: Ըստ ԿՀԲ 2013 թ. արդյունքների, մի կողմ թողնելով առողջապահական հիմնարկությունները/ծառայությունները, ՀՀ-ում առավել կոռումպացված կառույցներ են ընկալվում դատական համակարգը, պետական պաշտոնյաները /հանրային ծառայողները և ոստիկանությունը, որ կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ, իսկ հասարակությունն իր պասիվությամբ համաշխարհային ռեկորդ է սահմանել, քանի որ հարցվածների միայն 37 տոկոսն է կարծում, որ շարքային քաղաքացու ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում կարող է ինչ-որ բան փոխել:

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2013-ի հարցումը անցկացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) պատվերով 2012 թ. սեպտեմբերից մինչև 2013 թ. մարտն ընկած ժամանակահատվածում աշխարհի 107 երկրներում՝ հիմնականում WIN/GIA-ի կողմից: Հայաստանում այն իրականացրել է ՀՀ-ում WIN/GIA-ի պաշտոնական ներկայացուցիչ MPG (Էմ-Փի-Ջի - Marketing Professional Group) ՍՊԸ-ն: Հարցման ընտրանքը կազմել է 1,068 անձ (18 տարեկանից բարձր տարիքի բնակիչ) և որպես հարցման մեթոդ ընտրվել էր դեմ առ դեմ հարցազրույցը: Հայաստանն ընդգրկվել է ԿՀԲ հարցման մեջ երրորդ անգամ անընդմեջ: Նախորդ հարցումները, որոնցում Հայաստանն ընդգրկվել էր, անցկացվել էին 2009 և 2010 թվականներին:

Ըստ հարցվածների 43 տոկոսի՝ կոռուպցիան Հայաստանում աճել է, և միայն 19 տոկոսն է գտնում, որ վերջին երկու տարիներին կոռուպցիան նվազել է: Կոռուպցիայի ընկալումը մոտավորապես նույնն է մնում, ինչ նախորդ՝ ԿՀԲ 2010 թ. հարցման ընթացքում: Եթե փորձենք կապ տեսնել Կոռուպցիայի ընկալման համաթվի հետ, այս տարիների ընթացքում էական փոփոխություններ չեն եղել ԿԸՀ-ում և ընդհանուր առմամբ մենք ստագնացիոն վիճակում ենք գտնվում: Հայաստանում կոռուպցիան շատ բարձր մակարդակի է, բայց այն ոչ ավելի է վատանում, ոչ էլ՝ ավելի լավանում:

Որևէ հաստատության/ոլորտի (կրթական համակարգ, դատական համակարգ, առողջապահական հիմնարկություններ/ծառայություններ, ոստիկանություն, պետական ռեգիստր/լիցենզիաներ, թույլտվություններ տվող կառույցներ, կոմունալ ծառայություններ, հարկային մարմիններ և կադաստր) հետ առնչված ՀՀ հարցվողների միայն 18 տոկոսն է նշել, որ ինքն այդ հաստատության/ոլորտի աշխատակցին կաշառք է տվել: Բոլոր 107 երկրներում հաստատությունները /ոլորտները պետք է մոտավորապես նույն ֆունկցիաներն ունենան, որպեսզի ընդգրկվեն այս ցուցակում: Չի դիտարկվում, թե որքանով է կոռումպացված դատախազությունը, քանի որ տարբեր երկրներում այդ համակարգը տարբեր է: Կաշառք տվածների մեծամասնությունը՝ 51 տոկոսը, նշել է, որ իրենք մաղարիչի տեսքով հայտնել են իրենց շնորհակալությունը մատուցված ծառայության համար: Եվս 27 տոկոսը նշել է, որ նրանք կաշառք են տվել, որովհետև միայն այդ ձևով է հնարավոր եղել ստանալ անհրաժեշտ ծառայությունը, իսկ 19 տոկոսը՝ որպեսզի գործերն արագացնեն:

Մասնավորապես հարցվածների 82 տոկոսը կոռուպցիան համարում է լուրջ կամ շատ լուրջ հիմնախնդիր: Մարդիկ գտնում են, որ կոռուպցիան վատ երևույթ է, բայց հանդուրժող են նույն կերպ ինչպես գտնում են, որ ծխելը վատ է, բայց շարունակում են ծխել:

Հայաստանում ունենք շատ անտարբեր, պասիվ հասարակություն: Հարցաթերթի վերջին մասը վերաբերում է հարցվողի ներգրավվածությանը կոռուպցիայի դեմ պայքարում, նրանց ընկալումը իրենց դերի մասին այդ պայքարում: Մեր թվերը տխուր են: 107 երկրներից 73-ում մեծամասնությունն ասել է, որ իրենք չեն հայտնի կոռուպցիայի մասին: Չհայտնելը նպաստում է նրան, որ կոռուպցիան չի նվազում: Ընդամենը 33 տոկոսն է գտնում, որ ինքը կհայտնի: Բայց այլ պատճառներ էլ կան՝ պետական մարմինների ոչ ադեկվատ վերաբերմունքը: Վերջիվերջո գոյություն ունի համակարգային կոռուպցիա հասկացությունը:

Կոռուպցիայի մակարդակը կրճատելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը շատ արդյունավետ կամ արդյունավետ է համարում հարցվածների միայն 21 տոկոսը, այն դեպքում երբ այդ քայլերն անարդյունավետ կամ շատ անարդյունավետ է համարում հարցվածների 53 տոկոսը:

Առավել քիչ կոռումպացված են ընկալվում հասարակական և կրոնական կազմակերպությունները՝ համապատասխանաբար 2.8 և 2.9 համաթվերով: Կոռուպցիան այնպիսի մի երևույթ է, որ միայն հասարակական կազմակեպությունների ջանքերով այդ հարցը չի լուծվի: Հայաստանում կա համակարգային կոռուպցիա: Հայաստանում խնդիրը շատ լուրջ է դրված այս առումով:

Հարցման մեջ ընդգրկված հաստատություներից (կառույցներից)/ոլորտներից որպես ամենակոռումպացված են ընկալվում դատական համակարգը, պետական պաշտոնյաները /հանրային ծառայողները և առողջապահական հիմնարկությունները/ծառայությունները: Նշված հաստատությունների/ոլորտները կիսում են առաջինից երրորդ «պատվավոր» տեղերն իրենց համաթվերի 4.0-ին հավասար արժեքով 1-ից 5 սանդղակում (որտեղ 1-ը նշանակում է բացարձակապես չկոռումպացված, իսկ 5-ը` լիովին կոռումպացված): Նրանց մի փոքր զիջում է ոստիկանությունը, որի համաթիվը հավասար է 3.9-ի:

Աքսիոմա է, որ պետք է քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե իսկապես ուզում ենք սկսել այն ճանապարհը, որը բերի կոռուպցիայի լուրջ նվազման, վերջ տրվի համակարգային կոռուպցիային, անհրաժեշտ է լրջագույն տնտեսական բարեփոխումների ճանապարհ, որի արդյունքում լինի բիզնեսի և քաղաքականության սերտաճման վերացում, քաղաքական և տնտեսական դաշտերում դեմոնոպոլիզացիա: