Պետք է ուսումնասիրել 701 միլիարդը և հասկանալ՝ կոռուպցիոն ռիսկեր այդ գումարի ո՞ր մասի դեպքում են իրականում եղել
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, խոսելով հունիսի 29-ին ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած՝ բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ խորհրդակցությունից, նկատել է, կուսակցությունում խմորումներ են ընթանում:
Նախագահի քննադատությունն ավելի շատ վերաբերում էր ոչ թե Վերահսկիչ պալատի հրապարակած զեկույցին, այլ ԱԺ քննարկումների ժամանակ Իշխան Զաքարյանի և այլոց կողմից հնչած որոշակի քաղաքական գնահատականներին: Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ քննադատության երկու ուղղություն կար, առաջինը՝ ՎՊ-ն պետք է լինի աուդիտորական մարմին՝ ավելին, քան այսօր կա, և երկրորդը՝ սեփական PR-ի համար օգտագործված քաղաքական հայտարարություններն ավելորդ են:
«Ես, որքան հիշում եմ, սա առաջին դեպքը չէ, որ Սերժ Սարգսյանը բացահայտում է ինչ-որ խայտառակ իրավիճակներ, բայց տպավորությունն այն է, որ ամեն անգամ ասում է, թե խայտառակ վիճակ է, խայտառակ վիճակ, բայց դրան լուծումներ չեն հետևում, պատիժներ և լուրջ հետևություններ, կառուցողական քայլեր այդ խայտառակ իրավիճակի շտկման ուղղությամբ չեն արվում: Բացի դրանից, անհանգստացնող է, երբ ասում է, որ 300 մլն դրամի հափշտակության դեպքեր կան, իսկ մնացածը հեքիաթներ են: Դա ևս անհասկանալի է: Սա նշանակում է, որ պետք է ոչ թե այդ աննշան մասն ուսումնասիրել, այլ ամբողջ 700 մլրդ-ը ու իսկապես փորձել հասկանալ, թե կոռուպցիոն ռիսկերից որ մասն է իրականում եղել, իսկ որ մասը չի եղել»,- տեսակետ հայտնեց Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի այն խոսքերին, թե ՎՊ նախագահի հայտարարությունը, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ, վտանգված է, շատ սխալ ու անհեռատես հայտարարություն է: Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ նշել էր. «Ձեզ ընդամենը պետք էր 2-3 օր անցնել այդ հաշվետվությամբ և հայտարարությամբ հանդես գալ, ասել՝ ՀՀ հարգելի՛ քաղաքացիներ, ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, մնացած բոլորը հեքիաթներ են»:
Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ սա արտացոլում է ներիշխանական ինչ-ինչ խմորումները հաջորդ նախագահական ընտրություններին ընդառաջ, և հաշվի առնելով նաև Սերժ Սարգսյանի խոսքը, թե կուսակցական խնդիրներ էլ կան՝ կարելի է ենթադրել, որ կուսակցության ներսում ևս խնդիրներ կան, թեև դա բարձրաստիճան կուսակցականները համարում են նորմալ դիսկուսիաներ: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը լավ էլ տեղյակ է՝ ինչ է կատարվում, պարզապես ուզում է ասել. «Գիտեմ ինչ եք անում, բայց մի արեք այդպիսի բան»:
«Բայց ինչքա՞ն կարելի է այս ամենն ասել ու ոչ մի կառուցողական քայլ չանել: Պետք է ասվեր, թե ինչ պետք է անել երկրում կոռուպցիոն դրսևորումների բացառման ուղղությամբ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:
Որպես հիշեցում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը խիստ քննադատության էր ենթարկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ուղղակի և անուղղակի կերպով վերջինիս մեղադրելով տարբեր ամբիոններից անձնական PR-ն անելու, իր գործառույթներից դուրս քաղաքական գնահատականներ հնչեցնելու և պետբյուջեից հսկայական միջոցներ կլանող պետության ամենալուրջ կառույցներից մեկը՝ Վերահսկիչ պալատը, սովորական տեսչական մարմնի, պարզ ռևիզորի վերածելու մեջ:

