Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013 թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը որն անդրադառնում է պատգամավորի օգնականի ինստիտուտին և այն համալրելու պրակտիկային, մասնավորապես, ընտանիքի անդամներով կամ ազգականներով այդ հաստիքը համալրելուն:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով»: Ընդ որում, վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով, համապատասխան պատգամավորի ներկայացմամբ, որպիսի իրավակարգավորում նախատեսված չէ հասարակական հիմունքներով աշխատող օգնականի աշխատանքի ընդունվելու դեպքում:

Պատգամավորի կողմից օգնականի (վճարովի) թեկնածություն ներկայացնելու իրավունքը բացարձակ է, որևէ սահմանափակում չունի, ինչն էլ հնարավորություն է տալիս պատգամավորին իր մերձավոր ազգականներին կամ բարեկամներին «դարձնել» օգնական և աշխատել համատեղ: Վերոնշյալ հրապարակման մեջ բերված տվյալներից ակնհայտ երևում է, որ մերձավոր ազգականները հիմնականում զբաղեցնում են վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը:

Այդուհանդերձ, մեր կողմից սույն դիմումով բարձրացվող խնդիրը չի վերաբերում վճարովի կամ հասարակական հիմքունքներով աշխատելու փաստին, այլ՝ երևույթի իրավական և բարոյական կողմին: Համատեղությամբ աշխատելու վերաբերյալ օրենսդրական սահմանափակում է նախատեսված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով, որի 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն «Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ պատգամավորների)»:

Պատգամավորների համար նման օրենդրական բացառությունը, կարծում ենք, չի բխում իրավական պետության բաղկացուցիչը համարվող օրենքի գերակայության սկզբունքից, ինչի հետևանքով չի ձևավորվում պատգամավորի և նրա վճարովի հիմքունքներով աշխատող օգնականի վարձատրությունն ապահովվող հարկատու հանրության վստահությունը պատգամավորի ինստիտուտի և հարգանքը՝ այն ներկայացնող մարմնի նկատմամբ: Մինչդեռ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն պատգամավորը պարտավոր է իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության և հարգանքի ձևավորմանը:

Վերոնշյալի հիման վրա դիմելով Էթիկայի հանձնաժողովին` ԹԻՀԿ-ը խնդրել է քննության առնել դիմումում բարձրացված հարցերը, և արտահայտել դիրքորոշում օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ: