Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ ԹԻՀԿ դիմումին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տված պատասխանին:

«Առավոտ»-ում նշված է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել հօգուտ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի: Ըստ կայացված որոշման` դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում:

Ի պատասխան «Առավոտ»-ի տված հարցին, թե հանձնաժողովի որոշումն արդարացի՞ էր, Վարուժան Հոկտանյանը պատասխանել է. «Եթե օրենքի տառին հետևելով դատենք, ապա չեմ կարող ասել, որ իրենք սխալ որոշում են կայացրել: Բայց այլ բան է, որ մի կողմից օրենքը պիտի կատարելագործվի, մյուս կողմից՝ մշակույթ ձևավորվի»:

«Կարևոր է նաև հարցը դիտարկել այն տեսանկյունից, եթե Գագիկ Խաչատրյանը չլիներ ՊԵԿ նախագահ, արդյոք իր, կամ հորեղբոր տղաները կունենայի՞ն այդ բիզնեսները և արդյոք նրանք օգտվո՞ւմ են որոշակի առավելություններից, ավելի բարենպաստ պայմաններից, քան նույն ոլորտի մյուս տնտեսվարողները:

Հարց է նաև այն` իրականում Գագիկ Խաչատրյանը զբաղվո՞ւմ է բիզնեսով, թե` ոչ: Ֆորմալ առումով կայացված որոշումից պարզ է դառնում` ոչ, բայց իրականո՞ւմ դա շատ դժվար է պարզելը: Ինչպես ՀՀ նախագահն է ասում՝ մեր բարձրաստիճան պաշտոնյաները սովորել են, որ թղթով ամեն ինչ կարգին լինի: Ուստի մեր խնդիրն է` փորձենք հասկանալ բարձրաստիճան պաշտոնյայի` բիզնեսում ոչ ֆորմալ ներգավվածությունը ինչքանով է ազդում խտրական միջավայրի գոյությանը»:

Այս առումով Վարուժան Հոկտանյանը կարևորել է այն, որ հանձնաժողովի որոշման 2-րդ կետով առաջարկվում է, որ մի այնպիսի ընթացակարգի ներդրում լինի, որ նախքան պաշտոնի ստանձնումը պոտենցիալ պաշտոնյան, որի առաջին կամ երկրորդ արյունակցական կապով ազգականն ունի բիզնեսներ և կա շահերի բախման վտանգ, դրա մասին տեղյակ պահի:

Տես ամբողջական հոդվածը «Առավոտ»-ի ինտերնետային կայքում: