Լույս է ընծայվել ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ վերջնական զեկույցը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ս. թ. մայիսի 8-ին հրապարակել է Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ վերջնական զեկույցը, որտեղ բարձրացվել են քաղաքացիական հասարակությանը հուզող մի շարք հարցեր: Օրինակ, զեկույցում ասվում է, որ ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների հիման վրա ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահին կողմ քվեարկած ձայների միջև այն ՏԸՀ-ներում, որտեղ միջինից բարձր մասնակցության դեպքում գործող նախագահը ստացել է ձայների ավելի մեծ բաժին:
1988 տեղամասերից 1746-ը ունեն 300 և ավելի գրանցված ընտրողներ: Դրանցից 144-ում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, և նմանատիպ 115 տեղամասերում գործող
նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան 80 տոկոսը: 303-ից 198 տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը կազմում էր 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը 40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս 155 տեղամասերում: Ընտրողների բարձր մասնակցություն ունեցող տեղամասերի մեծամասնությունում դիտարկվել է գործող նախագահի ավելի շատ ստացած ձայների միտում, որը առաջացրել է մտահոգություն ընտրական գործընթացի ամբողջականության արժանահավատության հանդեպ:
Համաձայն ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների, առկա են եղել 50,976 անվավեր քվեաթերթիկներ (ընդհանուր թվի 3.4 տոկոսը), որոնք բավականին տարբեր էին՝ սկսած 7.9 տոկոսից թիվ 8 ԸԸՀ-ում և 7.3 տոկոսից թիվ 7 ԸԸՀ-ում, մինչև 1.5 տոկոս ԸԸՀ-ներ թիվ 18, 20 և 24&: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը որոշ ՏԸՀ-ներում առաջացնում է մտահոգություն՝ անվավեր քվեաթերթիկների թիվը գերազանցում է ընդհանուր քվեարկած քվեաթերթիկների 20 տոկոսը:
Հետաքրքրություն է ներկայացնում նաև «Առաջնային հանձնարարականներ ու առաջարկներ» բաժինը, որտեղ նշված է, որ իշխանությունները պետք է միջոցներ ձեռք առնեն բարձրացնելու հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ` ցուցաբերելով ավելի մեծ հարգանք քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական հիմնարար իրավունքները ազատորեն արտահայտելու նկատմամբ:
Պետական պաշտոնյաները պետք է զերծ մնան վարչական ռեսուրսները չարաշահելուց, արդյունավետ ջանքեր պետք է գործադրել պետական վարչակազմի, այդ թվում` պետական ու տեղական մարմինների պաշտոնյաների անկողմնակալությունը ապահովելու համար, նրանք պետք է զերծ մնան ընտրողների վրա ճնշում գործադրելուց թե ընտրարշավի ժամանակ, և թե քվեարկության օրը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում` քրեական պատասխանատվություն սահմանելով ընտրական գործընթացներում պաշտոնեական դիրքը և վարչական ռեսուրսները չարաշահելու համար:
Ընտրական հանձնաժողովները, իրավապահ մարմինները և դատարանները ընտրական օրենսդրությունը պետք է կյանքի կոչեն ղեկավարվելով օրենքի ոգով, բոլոր մասնակիցների համար հավասար դաշտ ստեղծելու, ընտրողների կամարտահայտության ազատությունը և ընտրական գործընթացի ամբողջականությունը երաշխավորելու հրամայականով:
Իշխանությունները պետք է աշխատանք տանեն ապահովելու համար պետության և կուսակցությունների գործունեության հստակ սահմանազատումը: Ընտրողների ռեգիստրի նկատմամբ հանրության վստահությունը մեծացնելու համար շահագրգիռ կողմերը` իշխանությունների, թեկնածուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է հանրային քննարկումներ անցկացնեն, որոշումներ կայացնեն` գտնելու ընտրողների գրանցման վիճահարույց ու առանձնահատուկ խնդիրների լուծումը, այդ թվում` դրսում բնակվող ընտրողների գրանցման, ընտրողների ստորագրած ընտրացուցակները հրապարակելու կամ այլ ձևով մատչելի դարձնելու հարցերը:
Տես ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը ՀՀ նախագահի ընտրության վերաբերյալ անգլերենով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ինտերնետային կայքում: