Մամուլի ասուլիս Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
Ս.թ. մայիսի 7-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը գնահատական է տվել մայիսի 5-ին անցկացված Երևանի ավագանու ընտրություններին և ներկայացրել ընտրություններում հայտնաբերված կեղծիքներն ու խախտումները: Նրա կարծիքով կանխատեսելի էր, որ ընտրությունները կեղծվելու են, բայց կարծում էին, թե ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև ԲՀԿ-ն, ավելի շատ ձայն կստանային: ՀՀԿ-ն այս ընտրություններից հետո շատ ավելի շահավետ պայմաններում է հայտնվել:
ԹԻՀԿ-ը դիտորդական առաքելություն է իրականացրել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կազմում: Ընտրատեղամասերում դիտորդներն աշխատել են երկուսով: ԹԻՀԿ-ը առաջին անգամ դիտորդական առաքելություն է իրականացրել նաև sms համակարգով, օնլայն տարբերակով և յուրաքանչյուրը կարող էր անմիջապես տեղեկանալ, թե դիտորդներն ինչ խախտումներ են արձանագրել: Նախաձեռնությունն ունի բազմաթիվ փաստեր և տեսանյութեր և պատրաստ են դրանք տրամադրել այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստվում են բողոքարկել ընտրությունների արդյունքները:
Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել լցոնումների և այլ ընտրախախտումների, մրցակցության բացակայության պայմաններում ընթացած նախագահական ընտրությունների «շոկից» հետո: Երևանի ավագանու ընտրություններում քվեարկության գործընթացն ավելի հաջող է անցել: ՀՀԿ-ն բավականին լավ էր պատրաստվել այս ընտրություններին՝ կիրառելով արդեն փորձված մեխանիզմները, օրինակ՝ վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքները, որոնք համատարած բաժանում էին ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն:
Հանձնաժողովի անդամները լավ թրծվել են այս ընտրական գործընթացում, քանի որ նրանք ավելի լավ են սկսել տիրապետել այն գործիքներին, օրինակ, փողոցային տղաների ռեսուրսներին, որոնց կիրառման դեպքում ամեն ինչ մաքուր կմնա, բայց կապահովեն համապատասխան ձայները:
Ընտրախախտումների գրանցման մեծամասնությունը մերժվել է հանձնաժողովների նախագահների և քարտուղարների կողմից: Լայնորեն օգտագործվել է օրենքի մի բաց, այն որ ուղղակիորեն չի արգելվում արդյունքների հաշվարկի ժամանակ դուրսուներս անելը, ինչը հստակ չէ: Ընտրատեղամասերի մեծ մասում դուրսուներս են արել ավագանու թեկնածուներ և թաղային հեղինակություններ, ինչն ազդել է գործընթացի վրա:
Գրանցվել է հերթական խայտառակ ընտրությունը: Կանխատեսելի էր, որ պիտի փորձ արվեր կեղծել ընտրությունները, սակայն նախագահական ընտրություններից հետո հույս կար, որ ընդդիմության, կամ թեկուզ այսպես կոչված ընդդիմության ձայներն ավելի շատ կլինեն: Մասնավորապես ԲՀԿ-ի, որն այսպես կոչված ընդդիմություն է ընկալվում: Բայց դա տեղի չունեցավ: