Նարինէ Իսմայիլիի օրինակը ոգեշնչող է
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը և փաստաբան Սառա Անջարգոլյանը «Սիվիլնեթի» «Դիտակետ» հաղորդման հյուրերն էին: ԹԻՀԿ ներկայացուցիչները ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել Իրավունքի Եվրոպա միավորման կազմում և շարունակելու են ընտրությունների դիտորդությունը ս.թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Հաղորդման հյուրերը կարևորել են ընտրությունների դիտորդությունը և կոչ են արել սփյուռքահայերին՝ Երևանի ավագանու ընտրություններին միանալ դիտորդական առաքելությանը:
Սոնա Այվազյանի կարծիքով՝ ընտրությունները միշտ ուղեկցվում են խախտումներով` հարցականի տակ դնելով ընտրված պաշտոնյաների լեգիտիմությունը: Նրանք իրականում չեն ներկայացնում ժողովրդին և հաշվետու չեն ժողովրդի առաջ, այլ՝ հաշվետու են օլիգարխների, կրիմինալի առաջ, որ օգնել են իրենց` իշխանության գալուն: Այս գործընթացները խոչընդոտում են Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը:
Յուրաքանչյուր քաղաքացի հանձնառու է մասնակցել ժողովրդավարացման գործընթացին և դիտարկել ընտրությունները: Նախագահական ընտրությունների ժամանակ ԹԻՀԿ-ը գիտակցեց, թե թե ինչ մեծ դեր խաղաց ընտրությունների դիտարկումը: ԹԻՀԿ ներկայացուցիչները ներգրավված էին Իրավունքի Եվրոպա միավորման դիտորդական առաքելությունում և դիտարկել են ընտրությունները Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում: Դիտորդական առաքելությունում ընդգրկված էր նաև ԹԻՀԿ-ում պրակտիկա անցնող 21-ամյա Նարինէ Իսմայիլին: Նա ականատես է եղել ամենակոպիտ խախտումների և ենթարկվել է բռնության: Այնուամենայնիվ, Նարինէն քաջություն է ցուցաբերել և հանդես գալով որպես գիտակից քաղաքացի, օրինակ է ծառայել՝ թույլ չտալով կեղծիքի և անարդարության իրականացմանը և ջանք չի խնայել նպաստելու Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը:
Նարինէն օրինակ է ծառայել, որ դիտորդներ ներգրավվեն ոչ միայն Հայաստանից, ԹԻՀԿ-ը կոչ է արել, որ սփյուռքահայերը ևս մասնակցություն ունենան և հանդես գան դիտորդությամբ: Նարինէի պատմությունն իսկապես ոգեշնչել է սփյուռքահայերին: Նրա օրինակին հետևելով՝ բազմաթիվ սփյուռքահայեր են համախմբվել, որոնք որոշել են խրախուսել իրենց հայրենակիցներին՝միանալ ԹԻՀԿ-ին և դիտորդություն իրականացնել:

