Վարույթ` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի 2012 թ. դեկտեմբերի 17-ի դիմումի, ինչպես նաև՝ ՀՀ քաղաքացի Նիկողոսյանի` 2012 թ. ներկայացրած երեք դիմումների հիման վրա: Խաչատրյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումից երկու օր անց ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է կոմիտեի պարզաբանումը, ըստ որի՝ «որոշ լրատվամիջոցներ շարունակում են ՊԵԿ նախագահին սեփականություններ (անգամ պարսկական շահերին հարիր ունեցվածք) վերագրելու գործընթացը»:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Միգուցե այդ մասշտաբները համադրելի են շահերի ունեցվածքի հետ: Մենք չգիտենք, որովհետև մեր երկրում հարստությունը թալանվում է մի խումբ մարդկանց կողմից, և այդ մի խումբ մարդիկ պետք է բացահայտվեն»:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն այդ կապակցությամբ ասել է, որ Խաչատրյանը անձամբ բիզնեսով չի զբաղվում: Անդրադառնալով իր ղեկավարի հարազատների բիզնեսներին, նա ասել է. «Իմ տեղեկություններով` նրա մերձավորները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Այդպիսի սահմանափակում չկա»:
Սոնա Այվազյանն այս առնչությամբ կարևորել է այն հանգամանքը, թե որքանո՞վ են Խաչատրյանի հետ փոխկապակցված անձինք ներգրավված այդ բիզնեսներում, որքանո՞վ է ՊԵԿ նախագահը իր պաշտոնեական դիրքը օգտագործել` այդ բիզնեսները ունենալու համար և որքանո՞վ են այդ բիզնեսները իրենց հարկային պարտականությունները կատարել: Տվյալ դեպքում, ըստ Սոնա Այվազյանի, ՊԵԿ նախագահը հաշվետու է հանրությանը, քանի որ սնվում է հանրության հարկերից այնպես, ինչպես մի շարք այլ պաշտոնյաներ:
Նկատի ունենալով Երևանի ոստիկանապետի պաշտոնանկությունը, որի պատճառն, ըստ պաշտոնական բացատրության, «բիզնեսի և պաշտոնավարման անհամատեղելիությունն է», Սոնա Այվազյանը նշել է` եթե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հիմնավոր համարի, որ Գագիկ Խաչատրյանը զբաղվում է բիզնեսով, ապա դա կստեղծի «նոր իրավիճակ»: Եթե դա եղավ, դա կնշանակի, որ մեր կառավարությունը որդեգրել է հակակոռուպցիոն մոտեցում և որոշել է ազատվել բիզնեսմեն պաշտոնատար անձանցից:
Օրերս Էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում նշել էր, որ հանձնաժողովը վարույթ հարուցելու դեպքում պարտավոր է որոշում կայացնել մեկամսյա ժամկետում: Մինչ օրս այս հանձնաժողովի որոշման հիմքով որևէ անձ դեռ պաշտոնից չի զրկվել պաշտոնական լիազորությունների և բիզնեսի շահերի բախման պատճառով: