Համաձայն ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. Մարդու իրավունքների զեկույցի, տարվա ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում հիմնական խնդիրները եղել են իշխանությունները փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և կառավարության աշխատանքի թափանցիկության պակասը, դատական համակարգի սահմանափակ անկախությունը: «Կոռուպցիան և թափանցիկության պակասը կառավարությունում» բաժնում նշվում է, որ կառավարությունը պատշաճ կերպով հետամուտ չի լինում կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ օրենքի դրույթների կիրառմանը:

Այս համատեքստում նշվում է բնապահպանության նախկին նախարար, հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի անունը: «Սեպտեմբերի 6-ին օտարերկրյա դատարանը Ազգային ժողովի պատգամավոր և խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի նկատմամբ 37,5 միլիոն դոլար տուգանք նշանակեց, որը բնապահպանության նախարար եղած ժամանակ Global Gold Mining ընկերությունից կաշառք էր պահանջել: Տարեվերջին Այվազյանը շարունակում էր մնալ Ազգային ժողովում իր պաշտոնին, և կոռուպցիայի մեղադրանքով որևէ հետաքննություն չսկսվեց»:

Անդրադարձ կա նաև սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին, որը 2011թ. պաշտոնից հեռացվել էր մահացած մարդկանց թոշակները՝ 113 միլիոն դրամ, յուրացնելու համար:

Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան նվազեցնելու համար կառավարությունը նախաձեռնել է «Կարգավորիչ գիլյոտինի» ծրագիրը, որը նվազեցրել է բիզնեսների գործունեության համար նախատեսված մի շարք հարկային և մաքսային ընթացակարգեր: Փաստաթուղթը, վկայակոչելով Համաշխարհային տնտեսական ֆորումի «2012-2013թթ. գլոբալ մրցունակության զեկույցը», նշում է, որ կոռուպցիան նշանակալից ազդեցություն ունի տնտեսական աճի վրա:

Զեկույցի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՄՆ դեսպանության ինտերնետային կայքը «Մարդու իրավունքների զեկույց 2012 թ. Հայաստան»