Անց են կացվում դիտորդական խմբերի դասընթացներ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Իրավունքի Եվրոպա միավորման, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ 2013 թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում իրականացնելու է դիտորդական առաքելություն՝ «Երևան քաղաքի ավագանու ընտրությունների հասարակական վերահսկողություն» ծրագրի շրջանակում: Նախքան ընտրությունների անցկացումը դիտորդական խմբերը մասնակցում են դասընթացների՝ ապրիլի 5-ին, 11-ին և 14-ին:
Դասընթացների մասնակիցներն ապահովվում են դիտորդության անցկացման համար անհրաժեշտ փաթեթով, որն ընդգրկում է դիտորդի ձեռնարկ, ընտրախախտումների և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ տեղեկություններ, դիտարկման վերաբերյալ հաշվետվության ձևանմուշ և այլն:
Ծրագրի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Ծրագրի խնդիրներն են` հանրության առավել լայն մասնակցությունը ընտրական գործընթացների դիտարկմանը, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների անցկացման որակի ճշգրիտ գնահատումը, ինչպես նաև ընտրախախտումների բացահայտմանն ու պատժամիջոցների կիրառմանն ուղղված իրավակիրառ պրակտիկայի առավել ակտիվ գործադրումը:

