Օպերացիա «Ինքնամաքրում» հակակոռուպցիոն քարոզարշավը՝ ուշադրության կենտրոնում
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Սիվիլնեթի» եթերում անդրադարձել է «Ինքնամաքրում» հակակոռուպցիոն քարոզարշավին, արծարծելով այն հիմնարար իրավունքները, որոնց պաշտպանությունը կարող է իրավիճակ փոխել երկրում: Քաղաքացիներին և կառավարությանն ուղղված ուղերձը հիշեցնում է, որ ժողովուրդն է ձևավորում իշխանությունը և իշխանությունը պետք է հաշվետու լինի ժողովրդին: Քարոզչանյութերից զատ նախատեսվում է մարդկանց ներգրավել տարբեր գործընթացներում:
Օպերացիա ինքնամաքրումը ձևավորվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց՝ «վիրահատական միջոցների դիմելու» իշխանությունների առաջարկից ելնելով: Առաջարկը կոնստրուկտիվ էր, սակայն գործնական միջոցառումներով իշխանությունը որևէ կերպ չի ուզում պայքարել կոռուպցիայի դեմ: Իշխանությունը պետք է հաշվետու լինի ժողովրդի առջև: Չի կարող լինել ժողովրդավարական հասարակություն, եթե պետական պաշտոնյաները, որ շարունակում են ծառայել նախագահին և ոչ ժողովրդին, կոռումպացված են: Տեսականորեն հնարավոր է ինքնամաքրման գնալ՝ հետևելով Սինգապուրի փորձին:
Անցյալ տարի լրացել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի ժամկետը: Տրամաբանորեն պետք է հետևեր նոր հակակոռուպցիոն ռազմավարություն մշակումը, զուգահեռաբար պետք է լինեին պաշտոնատար անձանց և կոռուպցիայի մեջ ներքաշվածներին պատժելու իրավապահ մարմինների գործողություններ: Ընդամենը մի քանի բարձրաստիճան պաշտոնյա է պատժվել: Մասնավորապես ընտրությունների գործընթացը չեն բարելավվել: Կեղծիքները քողարկված են, բայց դրանք շատ ավելի նենգ են ու շատ ավելի վտանգավոր: Հազարավոր մարդիկ ներքաշված են կեղծարարությունների՝զարգացող գործընթացում, այդ պատճառով էլ ընտրացուցակները գաղտնի են պահվում: Եթե ժողովուրդը չի կարողանում ընտրության միջոցով իշխանություն ձևավորել, մարդու իրավունքների, առաջընթացի, օրինավոր կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելն ավելորդ է: Հետևաբար պետք է սկսել ինքնամաքրվել:
Նախագահի պաշտոն զբաղեցնող անձը, կառավարության աթոռներ զբաղեցնող անձինք պետք է հասկանան, որ հաշվետու են ժողովրդի առաջ և եթե վարկաբեկված են, որովհետև կոռուպցիայի մեջ են թաթախված, ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել այս կամ այն պատճառով, պետք է հեռանան, հեռացվեն: Միայն այդ դեպքում կարելի կլինի հավատալ ժողովրդավարական գործընթացների առաջընթացին: Եթե դա տեղ չի գտնում, և իշխանությունները կառչած են իրենց աթոռներից՝ սպասարկելով նախագահի շահերը, ապա ժողովրդի համար միակ ելքը մնում է քաղաքացիական ընդվզման միջոցով վերադարձնել իրենից զավթած իշխանությունը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի հետ համագործակցությամբ մեկնարկել է Օպերացիա «Ինքնամաքրում» հակակոռուպցիոն քարոզարշավը, որի նպատակն է բարձրացնել հանրային անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ, ինչով պայմանավորված են այսօր մեր երկրում տիրող անարդարությունը, աղքատությունն ու գործազրկությունը, և բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը իշխանությունը ձևավորելու գործում: