Խոսքի ազատության օրը Գյումիրում. Լենա Նազարյանը` մրցանակակիր
Ս. թ. մարտի 25-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում 5-րդ տարին նշվել է խոսքի ազատության օրը: Տոնակատարության անցկացման կազմակերպչական հանձնախումբը պարգևատրել է 7 անձանց և կազմակերպությունների, որոնք անցած մեկ տարում զգալի ներդրում են ունեցել խոսքի ազատության կիրառման, պաշտպանության գործում և լրագրողական աշխատանքում: Հասարակական գործունեության, մի շարք քաղաքացիական նախաձեռություններում ակտիվորեն մասնակցելու համար Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի և Հայ Ավետարանական եկեղեցու hատուկ պարգևի է արժանացել քաղաքացի Լենա Նազարյանը:
Լենա Նազարյանին հանձնվող հատուկ պարգևը իսկական քլունգ էր, որը նրան է փոխանցել իրավապաշտպան, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ «Լենա Նազարյանը պարգևատրվում է Եվրոպական չակերտավոր, այսպես կոչված ժողովրդավարությունը քլնգելու համար»: Լենայի համար իրականում ավելի կարևոր էր, որ պարգևը Գյումիրում էր ստանում, որովհետև ամենաշատը վերջին շրջանում իրեն զարմացրել և հույս էր տվել Գյումրին, և ամենաշատը ոգևորել էին գյումրեցիները:
Խոսքի ազատության օրը Գյումրիում սկզբնավորվել է, երբ համընդհանուր դրամահավաքի շնորհիվ հնարավոր դարձավ փրկել քաղաքի միակ անկախ լրատվամիջոցը՝ «ԳԱԼԱ»: հեռուստաընկերությունը եթերազրկումից: Հարկային ծառայությունը մոտ 27 միլիոն դրամի պահանջ էր ներկայացրել «ԳԱԼԱ»-ին՝ միակ հեռուստաընկերությանը, որն այդ տարիներին հանդգնել էր ցուցադրել ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2008 թ. նախագահական պայքարի նախաշեմին: Յոթ օր շարունակ տևած հեռուստամարաթոնից հետո հանգանակվել էր մոտ 26 միլիոն դրամ գումար, որը վճարվել է որպես հարկային տուգանք «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը չեթերազրկելու համար:
Այդ օրվանից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ որոշվել էր մարտի 25-ը Գյումրիում նշել որպես խոսքի ազատության օր: Խոսքի ազատության օրվա շրջանակներում ամեն տարի պարգևատրվում են լրագրողներ, հասարակական գործիչներ, հրապարակախոսներ, իրավապաշտպաններ, բլոգերներ, զանգվածային լրատվամիջոցներ, կայքեր և այլն: Այս անգամ տոնակատարության անցկացման կազմակերպչական հանձնախումբը հանրությունից ստացել էր 40-ից ավելի առաջարկ:

