Հասարակությանը հուզող հարցերը` նախագահի թեկնածուների ծրագրերում
Ս.թ. փետրվարի 13-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը Մեդիա կենտրոնում մասնակցել է «ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ` հասարակությանը հուզող բանակի, բնապահպանական և քաղաքաշինական խնդիրների քննարկում, այդ խնդիրների լուծումները նախագահի թեկնածուների ծրագրերում» թեմայով ասուլիս-քննարկմանը: Քննարկմանը մասնակցում էին նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:
Սոնա Այվազյանը իր ելույթում նշել է, որ Սերժ Սարգսյանը ոչ 2008-ի, ոչ էլ այս տարվա իր նախընտրական ծրագրում չի անդրադարձել Թեղուտի հիմնախնդրին: Փոխարենը նա պոպուլիստական քայլի է դիմել` օգտագործելով կանաչ տերևը իր արշավների ընթացքում, ինչպես նաև իր նախընտրական հոլովակներում ներառել է կադրեր Մաշտոցի պուրակի պայքարից:
Նա նաև նշել է, որ քաղաքացիական նախաձեռնությունների հիմնական ձեռքբերումը քաղաքացիների ներգրավվածությունն է: Սակայն, ցավոք, այդ շարժումները չեն բերել համակարգային փոփոխությունների: «Իշխանությունները, մեր վերհանած խնդիրներին լուծում տալու փոխարեն մտածում են ինչպիսի մեխանիզմներ մշակել` մեր դեմ պայքարելու համար և ստեղծում են գոնգոներ: Գոնգոները վտանգ են ներկայացնում քաղաքացիական հասարակության համար, և մենք դա պետք է առաջ ունենանք»,- եզրափակեց Սոնա Այվազյանը:
Ներկաները քննարկել են նաև բանակում առկա խնդիրները, անդրադարձել քաղաքաշինական մի շարք հարցերի: