«Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2013» զեկույցը, որում ներկայացված է 195 պետություններում և 14 տարածքներում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում ստեղծված իրավիճակը: Հայաստանը, չնայած կրկին դասվել է «մասամբ ազատ» երկրների շարքում, նախորդ տարվա համեմատությամբ առաջընթաց է գրանցել: Հայաստանին տրվող «քաղաքական իրավունքներ» ցուցանիշը նախորդ զեկույցում գրանցված «6» մակարդակի համեմատ բարելավվել է մեկ կետով, քանի որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները խաղաղ և մրցակցային են ընթացել, քվեարկությունից հետո բռնություններ չեն գրանցվել և արմատական ընդդիմությունը մուտք է գործել խորհրդարան:

Համաձայն զեկույցի` չնայած բարելավմանը` Հայաստանը չի համարվում ընտրական ժողովրդավարության հասած երկիր, մինչդեռ Վրաստանը նշված է որպես այդպիսին, քանի որ այնտեղ առաջին անգամ իշխանությունը փոխանցվել է ընդդիմությանը ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով: Մնալով «մասամբ ազատների» շարքում, Վրաստանում նույնպես բարելավում է գրանցվել, սակայն նոր իշխանությունները նախկին իշխանության շուրջ 30 պաշտոնյաների են ձերբակալել՝ կասկածներ հարուցելով քաղաքական շարժառիթներով հետապնդումների վերաբերյալ:

Այս տարվա զեկույցում փոխվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ղարաբաղը «ոչ ազատ» տարածքների ցուցակից հանվել է՝ դասվելով «մասամբ ազատների» շարքում. պատճառը հուլիսին կայացած նախագահական ընտրություններում իրական ընդդիմության մասնակցությունն էր:

Զեկույցում բերված աղյուսակի համաձայն` յուրաքանչյուր երկրի «քաղաքական իրավունքները» և «քաղաքացիական ազատությունները» գնահատվում են 1-7 ցուցանիշով, «1»-ը նշանակում է ազատության ամենաբարձր մակարդակը, իսկ «7»-ը` ամենացածր:

Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության ինտերնետային կայքը: