«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի դեմ ընդունած վճռի վերաբերյալ: Հայտարարությունն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, Եվրոպական միությանը և մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների:

2012թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով, դատարանն օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հուլիսի 20-ին կայացված դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին համապատասխանաբար 6, 3, 2 և 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քր. օր.-ի Հոդված 316-ի (իշխանության ներկայացուցիչներին բռնության կիրառմամբ դիմադրելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք) և Հոդված 258-ի (խուլիգանություն) հատկանիշներով:

Տվյալ գործը կապված է 2011թ. օգոստոսի 9-ի միջադեպին, երբ երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են հարձակման, ծեծի, ապա բերման ենթարկվել ոստիկանության բաժին ճիշտ այն ընթացքում, երբ վերջապես սկիզբ էին առել երկրի ժողովրդավարացմանն առնչվող պաշտոնական բանակցությունները ՀՀ իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև: Տարածված կարծիք է, որ ոստիկանության գործողությունները քաղաքական դրդապատճառներով էին պայմանավորված և որ դրանց արդյունքում, ըստ էության, խափանվեց երկխոսությունը կառավարության և ընդդիմության միջև:

Սկսած հենց 2011թ. օգոստոսի 9-ից, այս գործի վարույթն իրականացվել է օրենքի մի շարք էական և ընթացակարգային խախտումներով, ընտրողական արդարադատության կիրառմամբ: Ի մասնավորի՝
- Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նախաքննությունը և ապա՝ դատապարտումը գլխավորապես հիմնված է եղել հենց այն ոստիկանների ցուցմունքների վրա, որոնք մասնակցել են ակտիվիստների դեմ ուղղված հարձակմանը, սակայն պաշտոնապես ներգրավվել են որպես տուժողներ և վկաներ,
- Պաշտպանական կողմի պահանջների անտեսմամբ, նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել միջադեպի ականատես հանդիսացող բազմաթիվ անհատներ, որոնք կարող էին անկողմնակալ ու ճշմարտացի վկայություն տալ գործի առնչությամբ,
- ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել իրենց ընթացակարգային իրավունքներից ինչպես ոստիկանության բաժին բերման ենթարկվելու, այնպես էլ որպես կասկածյալներ կալանավորվելու ընթացքում:
- Երիտասարդ ակտիվիստներին որպես կասկածյալների ձերբակալության արձանագրություններն ու ընթացակարգային այլ փաստաթղթերը կազմվել են նրանց փաստաբանների բացակայությամբ,
- Մեղադրյալների փաստաբան Վահե Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, տեղեկացնելով ոստիկանության՝ իր մասնագիտական պարտականությունների կատարումը խոչընդոտող գործողությունների, այդ թվում՝ հենց իր նկատմամբ կիրառված բռնության մասին, սակայն այդ հաղորդման հիմքով հետաքննություն սկսելու պահանջը մերժվել է,
- Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք, որոնք, սակայն,դատաքննության ժամանակ չեն ներառվել վկաների ցանկում,
- Միջադեպի մի շարք ականատեսներ հաղորդել են նախաքննության ընթացքում ոստիկանության կողմից կիրառված ճնշումների, այդ թվում՝ ապօրինաբար կենտրոնական ոստիկանատուն բերման ենթարկվելու մասին,
-Ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը և Տիգրան Առաքելյանը երկու դատաքննությունների ժամանակ, իսկ ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում զրկվել են վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից, ինչը ՀՀ քրեադատավարական օրենսգրքի և Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է,
- Վերաքննիչ դատարանում դատական նիստերը անց են կացվել ամբաստանյալներ Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Տիգրան Առաքելյանի, և նրանց փաստաբանների բացակայությամբ։ Արդյունքում, պաշտպանական կողմը զրկված է եղել պաշտպանական ճառն արտասանելու իրավունքից,
- Վերաքննիչ դատարանը անհիմն, առանց պատճառաբանության մերժել է ակտիվիստների կողմից ներկայացված բոլոր միջնորդագրերը, ինչպես նաև փաստաբանների միջնորդագրերը ինքնաբացարկի վերաբերյալ,
- Թեև գոյություն ունեին արժանահավատ հաղորդումներ միջադեպի ընթացքում ոստիկանության կողմից կիրառված բռնության և դաժան վերաբերմունքի մասին, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել և ոստիկանության բոլոր ներկայացուցիչները ներգրավվել են որպես այս գործով «տուժողներ»,
- Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ սահմանված խիստ պատժաչափերը կտրուկ տարբերվում են ընդհանուր գործելակերպից, ըստ որի հայաստանյան դատարանները, որպես կանոն, ավելի մեղմ պատիժներ են սահմանում շատ ավելի լուրջ հանցագործությունների համար:

Օրենքի այս աղաղակող խախտումները և ընտրողական արդարադատության կիրառումը արտացոլում են ՀԱԿ-ի չորս ակտիվիստների հետապնդման հիմքում ընկած քաղաքական շարժառիթները:
2012 թ. հոկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց թիվ 1900 բանաձևը, ըստ որի «Քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին.
ա) եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ՄԻԵԿ) և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի, մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու և տեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատության ոտնահարմամբ,
բ) եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, առանց որևէ օրինախախտման հետ առնչության,
գ) եթե, քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել,
դ) եթե, քաղաքական դրդապատճառներով, անձն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա, կամ
ե) եթե ազատազրկումը սահմանվել է այնպիսի ընթացակարգերի արդյունքում, որոնք ակնհայտորեն անարդարացի էին և ըստ երևույթին կապ է նշմարվում իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ» (ՍԳ/Ինֆ(2001)34, պարբերություն 10):
Ակնհայտ է, որ ըստ այս սահմանման բոլոր հինգ վերոնշյալ դրույթների, Տիգրան Առաքելյանը պետք է քաղբանտարկյալ համարվի: Եթե դատավճիռն օրինական ուժ ստանա, Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանը նույնպես կհայտնվեն քաղբանտարկյալների այս նույն կարգավիճակում:
Եվս մեկ անգամ, 2011թ. մայիսից հետո, երբ ՀՀ իշխանությունների կողմից ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, Հայաստանը վերադառնում է մի իրողության, երբ բանտերում են հայտնվում մարդիկ միմիայն իրենց սահմանադրական իրավունքների և հիմնարար ժողովրդավարական ազատությունների ապահովմանը ձգտելու համար:

Ժամանակն է, որ միջազգային հասարակայնությունն արձագանքի և կոչ անի, որ ՀՀ իշխանությունները ղեկավարվեն ժողովրդավարական սկզբունքներով, հարգեն մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, նաև ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ազատության և ժողովրդավարության համար մարտնչող երիտասարդ ակտիվիստների դեմ ուղղված քրեական հետապնդմանը վերջ դնելու և պահանջելու անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի և ազատության կենտրոն
Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Իրավունքի և ազատության կենտրոն
«Շահխաթուն» կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ