Երևանի պահպանության նախաձեռնությունների միավորումը բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Կենտրոնական ծածկած շուկայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նամակում ասվում է.«Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի սրտում տեղի է ունենում օրենքի բացահայտ և հետևողական խախտում: Մայրաքաղաքի կենտրոնական 1-ին (Ծածկած) շուկայի շենքը, որն ընդգրկված է ՀՀ պետության կողմից պահպանվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան, վերանորոգման անվան տակ ենթարկվում է վայրագ վերակառուցման՝ շենքի սեփականատիրոջ կողմից, առանց համապատասխան թույլտվության և պատմամշակութային հուշարձանի վերակառուցման համար անհրաժեշտ պատշաճ կազմված և համապատասխան ատյաններում համաձայնեցված նախագծի:

Հասարակութունը առաջին իսկ օրվանից շարունակաբար, ահազանգում է տեղի ունեցող օրինախախտման մասին, ինչի հետևանքով Ծածկած շուկայում իրականացվող շինարարական աշխատանքները մեկ անգամ դադարացվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայամանով, որ կարող են վերսկսվել միայն հուշարձանի վերակառուցման նախագիծ ներկայացնելուց և պետական լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալուց հետո: Ցավոք, մինչև քաղաքապետարանի այդ որոշումը, շենքը արդեն իսկ ենթարկվել էր մասնակի բարբարոսական ավերման: Բացի այդ, թե՛ քաղաքապետարանը, թե՛ մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունները, և թե՛ Ծածկած շուկայի շենքի սեփականատերը վստահեցնում և երաշխավորում էին, որ վերակառուցման աշխատանքները որևէ կերպ չեն ազդելու շենքի նախնական կերպարային, կոնստրուկտիվ, ծավալատարածական լուծման վրա:

Այդուհանդերձ, զրոյական նիշի մակարդակով աշխատանքներ անելու թույլտվություն ստանալուց հետո, Ծածկած շուկայի սեփականատերը շարունակել է ապօրինի շինարարությունը ՝ քանդելով շենքի կեսը ներսից, մտցնելով դրա մեջ մի նոր կառույց, որը որևէ կապ չունի հուշարձանի ոչ նախնական, ոչ էլ վերակառուցման որևէ գիտամեթոդական մոտեցման տեսանկյունից ընդունելի տարբերակի հետ:

Փաստորեն, պատմամշակութային հուշարձանին ապօրինաբար և միտումնավոր կերպով հասցվել է չափազանց մեծ վնաս, որի հետևանքով հուշարձանը կորցրել է իր կերպարային ամբողջականությունը: Օրենքի հետևողական խախտումը շարունակվում է առ այսօր, պատասխանատու գործադիր գերատեսչությունների (մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, Երևանի քաղաքապետարան) պասիվ և կասկածելիորեն անտարբեր դիրքորոշման պայմաններում: Ակնհայտ է նաև, որ գերատեսչությունները փորձում են ազատվել պատասխանատվությունից, գցելով այն մեկը մյուսի վրա, չնայած, որ օրենքը հստակ սահմանում է հուշարձանի պահպանության և օգտագործման հետ կապված գործընթացների հերթականությունը, և սեփականատիրոջ ու յուրաքանչյուր պետական մարմնի պարտավորություններն ու պատասխանատվության սահմանները: Ու մինչդեռ պատասխանատու գերատեսչությունները շարունակում են քայլեր չձեռնարկել՝ կանգնեցնելու համար այդ բացահայտ օրինազանց վանդալիզմը, Երևանը կորցնում է իր ամենանշանավոր հուշարձաններից մեկը, իսկ հանրությունը կորցնում է իր վստահությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության գաղափարի նկատմամբ:

Մյուս կողմից, Ձեր իսկ գլխավոր ելույթներում մշտապես շեշտվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, սակայն այս դեպքը օրենքի ընտրովի կիրառման ճչացող օրինակ է, և դժվար է պատկերացնել, ինչպես է քաղաքապետարանը քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող մնացած քաղաքացիներից պահանջելու հետևել օրենքին:

Դիմում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադության և օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովող երաշխավորի: Խնդրում ենք հնարավորինս շուտ միջամտել ստեղծված անհասկանալի իրավիճակին և կանխել օրենքի նման ցինիկ խախտումը, որի հետևանքով վերանալու է Երևանի նշանային և ամենասիրելի կառույցներից մեկը: Պահանջում ենք, որ շուկայի տարածքում ապօրինի առաջացած նոր կառույցը օր առաջ ապամոնտաժվի և հուշարձանը վերականգնվի իր նախկին տեսքով»: