Տնտեսական ազատությունների 2013 թ. համաթիվ. Հայաստանի ցուցանիշն ավելացել է ընդամենը 0.6-ով
Համաձայն ամերիկյան «Հերիթիջ ֆաունդեյշն» հանրային քաղաքականության ինստիտուտի և «Ուոլ Սթրիթ Ջըրնլ» թերթի ս.թ. հունվարի 10-ին հրապարակած Տնտեսական ազատությունների 2013 թ. համաթվի` Հայաստանը 69.4 արժեքով 177 երկրների շարքում զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը, դասվելով «չափավոր ազատ» տնտեսությամբ երկրների թվում: Մինչդեռ Հայաստանն իր այս տարվա արժեքով զիջում է 2011, 2009 և 2008 թթ. իր 69.7 և 69.9, 69.9 արդյունքին: Համեմատության համար` աշխարհում ամենամեծ առաջընթաց արձանագրած երկիրը Վրաստանն է, որի արդյունքները բարելավվել են 2.8 կետով` 72.2 արժեքով համարվելով «հիմնականում ազատ» երկիր:
Անցած տարվա համեմատ Հայաստանը գրանցել է աննշան` 0.6 կետ բարելավում, հիմնականում արտացոլելով պետական ծախսերի լավ կառավարումը: Թեև այն բավական լավ է դրսևորվում տնտեսական ազատության շատ կատերգորիաներում, այնուհանդերձ, ամուր հիմքեր են անհրաժեշտ այնպիսի հարցերում, ինչպիսիք են դատական համակարգի անկախությունն ու կառավարության գործունեության թափանցիկությունը: Հայաստանում օրենքի գերակայության հուսալի վերահսկման պակաս կա: կառուպցիայից ազատության և սեփականության իրավունքի վերաբերյալ Հայաստանի միավորները համաշխարհային միջին ցուցանիշից ցածր են:
Այս տարվա զեկույցում տասը ցուցիչներից հինգում համապատասխանաբար (առևտրի-85.4, ներդրումների -75.0, ֆինանսական ազատություններ-70.0, սեփականության իրավունքի-30.0, կոռուպցիայից զերծ լինելը-26.0) միավորով Հայաստանում իրավիճակը անփոփոխ է, երկու ցուցիչով (աշխատանքի ազատություն-77.1 և կառավարության ծախսեր-82.1) երկիրը բարելավել է դիրքերը, իսկ երեքով (գործարարության-87.6, դրամավարկային-73.0, հարկաբյուջետային ազատություններ-88.0)՝ նահանջ ապրել։
Սանդղակում ներառված երկրները ներկայացված են հետևյալ խմբերում` այսպես, համաթվում 80 և ավելի կետ ունեցող երկրները համարվում են տնտեսապես «ազատ», 70,0-79,9-ը՝ «հիմնականում ազատ», 60-69,9-ը՝ «չափավոր ազատ», 50-59,9-ը՝ «հիմնականում ոչ ազատ», 50-ից ցածրը՝ «ճնշված» երկրներ։
Ըստ մեթոդաբանության՝ կիրառվում է 0-ից մինչև 100 միավոր գնահատման սանդղակ, ընդ որում՝ բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճանի մասին։ Երկրները տնտեսական ազատության համաթվին համապատասխան խմբավորվում են 4 խոշոր կատեգորիաներում/ոլորտներում կամ հենասյուներում` օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորման արդյունավետություն, ազատ շուկա:
Երկրի տնտեսական ազատության համաթիվը հաշվարկվում է գնահատելով տասը ցուցիչ. (օրենքի գերակայություն) սեփականության իրավունք, կոռուպցիայից զերծ լինելը, (կառավարության սահմանափակ միջամտություն) հարկաբյուջետային ազատություն, կառավարության ծախսեր, (կարգավորման արդյունավետություն) գործարարության ազատություն, աշխատանքի ազատություն, դրամավարկային ազատություն, (ազատ շուկա առևտրի ազատություն, ներդրումների ազատություն, ֆինանսական ազատություն: Սույն ցուցիչների արժեքները միջինացվում են` ընդհանուր արժեքով:
Մանրամասների հետ կարող եք ծանոթանալ անգլերեն լեզվով, այցելելով «Հերիթիջ ֆաունդեյշն» կազմակերպության ինտերնետային կայքը, իսկ Հայաստանի վերաբերյալ տվյալներին` http://www.heritage.org/Index/Country/Armenia հասցեն:Տես նաև Հայաստան.Տնտեսական ազատությունների 2013 թ. համաթիվ