Կոռուպցիայի դեմ պայքարելը միայն օրենքներ ընդունելով չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ 14-րդ համագումարի ժամանակ ունեցած ելույթի կոռուպցիային առնչվող հատվածին:

Վարուժան Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկ չի տեսնում: Եթե կոռուպցիայի դեմ պայքար ասելով ՀՀ նախագահը նկատի ունի օրենքների ընդունումը, շատ չափազանցված է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը միայն օրենքներ ընդունելը չէ: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը կզգացվի այն ժամանակ, երբ կոռուպցիայի ընկալման համաթիվը բարելավի իր դիրքերը: Սակայն, նրա խոսքով, այդ ընկալումն առայժմ չի փոխվում:

«Բայց լինենք օբյեկտիվ և չասենք, թե իրավիճակը վատացել է: Վերջին երեք տարիներին իրավիճակի անկումը կանգնել է և դեպի վատը չի գնացել, բայց ասել, որ բարելավում կա, առայժմ վաղ է: Եթե մենք օբյեկտիվ ընկալման ցուցանիշն ենք դիտարկում, իրադրության ռադիկալ բարելավում չի նկատվում, ոլորտում բեկում չի մտել: Ինչ-որ գործընթաց, միգուցե, սկսել են, բայց մինչև ընկալումը չփոխվի` չի զգացվի, թե գործընթաց է սկսվել»,- պարզաբանեց Վարուժան Հոկտանյանը:

Նրա համոզմամբ` եթե կոռուպցիան նվազի, հաստատ աղքատությունն էլ կնվազի, սոցիալական անհավասարությունն էլ, ինչը ԹԻ գործադիր տնօրենը չի տեսնում. «Ես չեմ տեսնում, որ ՀՀ-ում աղքատությունն էապես նվազում է, ես չեմ տեսնում, որ արտագաղթը կանգնել է: Ես չեմ ասում, որ դրանք կոռուպցիայով են պայմանավորված, բայց որ կոռուպցիան շատ լուրջ գործոն է և շատ լուրջ խթանիչ, ես դրանում չեմ կասկածում՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը. որպես կանոն, ամենաաղքատ երկրներն ամենակոռումպացվածն են»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում հանդես էր եկել ելույթով: Անդրադառնալով կոռուպցիային՝ նշել էր. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»: