Պետական պաշտոնյաների էթիկան` քննարկման կիզակետում
Ս.թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Ծաղկաձորում մասնակցել է «Պետական պաշտոնյաների էթիկայի խթանում» համաժողովին և վարել է «Էթիկային վերաբերող օրենքների ու կանոնակարգերի կիրառման մեխանիզմները և դրանց գործարկումը Հայաստանում» նիստը, ինչպես նաև «Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկայի մասին օրենսդրութան և դրա գործնական կիրառման հետ կապված խնդիրների վերաբերյալ» խմբային քննարկումը և հանդես է եկել զեկուցմամբ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու «Քաղաքացիական կրթության ծրագիր» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցել են ՀՀ պետական կառավարման ոլորտի, քաղաքացիական հասարակության և եվրոպական դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Հիմնական զեկուցող, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր դ-ր Ռոբերտ Ջոյսը ներկայացրել է հանրային կառավարման ու կուսակցական գործունեության տարանջատման հարցերը կարգավորող ամերիկյան օրենսդրությունը: Համաժողովի մասնակիցները քննության են առել պետական պաշտոնյաների էթիկային առնչվող հայկական ու եվրոպական ստանդարտները և մշակել են առաջարկներ միտված Հայաստանում պետական պաշտոնյաների էթիկային առնչվող կանոնակարգիչ դաշտի և կիրառման մեխանիզմների կատարելագործմանը:

