Ս.թ. նոյեմբերի 29-30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը Ստոկհոլմում, Շվեդիա մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) 4-րդ տարեկան համաժողովին և հանդես է եկել ելույթով «Պայքար կոռուպցիայի դեմ» թեմատիկ խմբային քննարկման ընթացքում: Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները` իրենց տեսակետներն արտահայտելու և հստակ օրակարգ սահմանելու առաջիկա տարիների համար:

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը հիմնադրվել է 2009 թ. Պրահայի գագաթաժողովում մեկնարկած Արևելյան գործընկերության նախաձեռնության արդյունքում: ՔՀՖ գործունեությունը ֆինանսավորում է Եվրամիությունը: Ֆորումի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանը և իշխանությունների հետ նրանց երկխոսության դյուրացմանը:

ԱլԳ ՔՀՖ առաջին համաժողովը, որին մասնակցել են 200 ՔՀԿ-ներ, տեղի է ունեցել Բրյուսելում, 2009թ. նոյեմբերի 16-17-ին: Ֆորումի մասնակիցներն ընտրել են ՔՀՖ Ղեկավար կոմիտե, որին օժտել են հաջորդ համաժողովի մասնակիցների ընտրության կանոնակարգ մշակելու լիազորությամբ: ՔՀՖ Ղեկավար կոմիտեն մշակել է ընթացակարգ, որը կիրառվել է ՔՀՖ 2010թ. Բեռլինի, 2011թ. Պոզնանի 3-րդ և 2012թ. Շվեդիայի 4-րդ համաժողովների մասնակիցներին ընտրելիս: