Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ կոռուպցիոն դրսևորումների մասին ՀՀ-ում գիտի յուրաքանչյուր քաղաքացի: Անդրադառնալով կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկումներին՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ, նա հիշեցրել է, որ երկրորդ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիրը մշակվել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, այսինքն՝ բոլորը հասկանում էին, որ կոռուպցիան լուրջ խնդիր է, գիտեին նաև, որ հասարակությունը կասկածի տակ է դնում դրա դեմ պայքարի արդյունավետությունը:

Սոնա Այվազյանի կարծիքով մի քիչ զարմանալի է, որ «հանկարծ երկնքից իջել են», զարմացել, ատկատներից, անօրինականությունից, որ ինչ-ինչ գործընթացներ չեն աշխատում կամ ինչ-որ ատկատներ գոյություն ունեն, դատախազությունը պատշաճ կերպով չի իրականացնում իր լիազորությունները կամ կոծկում է հանցագործությունները: Այդ հայտնությունները համընկնում են նախընտրական շրջանին, այդ պատճառով հնարավոր չէ պարզապես այս քայլերը չկապել ընտրությունների հետ և չասել, որ դա նախընտրական քարոզչության մաս է կազմում, ուսիև այս գործընթացներն առանձնապես հավատ չեն ներշնչում:

Նրա պարզաբանմամբ՝ ցանկացած քաղաքացի հասկանում է, որ ինչպես նշել է նախագահը, գլխից է պետք բռնել, ձուկը գլխից է հոտում, առաջին հերթին այս երևույթները բարձր օղակներում են: Բայց, չկա քաղաքական կամք՝ բարձր օղակների դեմ պայքարելու, որովհետև այս իշխանությունը հենված է այդ օղակների վրա և չի կարող դրա դեմ պայքարել:

Ըստ նրա` նախագահն իրեն պետք է զերծ պահի այլ մարմինների իրավասությունների մեջ մտնելուց, ինքը պարզապես պետք է երաշխավորի, որ պետական կառույցները երկրում գործեն պատշաճ կերպով: Նա չէ, որ պետք է որոշումներ ընդունի, թե այս կամ այն բանը սիրուն է կամ սիրուն չէ: Ինքն ունի իր իրավասությունների շրջանակը, այդ իրավասությունների շրջանակը պետք է իրականացնի, այդ թվում՝ լինի երաշխավորը երկրի արդարության, օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի:

«Առաջին լրատվական»-ը հայտնում է, որ բացելով ՀՀ կառավարության նիստը, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ զրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ: Վարչապետը նաև ասել էր, որ նախագահը վճռական գործողություններ է պահանջում, որպեսզի ապահովվեն շոշափելի և տեսանելի արդյունքներ: