ԹԻՀԿ խորհուրդը ընտրել է խորհրդի նախագահ, ԹԻՀԿ փոխտնօրեն և ողջունել է նախաձեռնությունը
Ս. թ. հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդի անդամներ Վազգեն Կարապետյանը, Լանա Կառլովան, Արթուր Սաքունցը, Սուրեն Սաղաթելյանը, ինչպես նաև ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը և նիստի քարտուղար Քրիստինե Մարգարյանը: Նիստի օրակարգում էին խորհրդի նախագահի ընտրությունը, ԹԻՀԿ կառուցվածքում փոխտնօրենի պաշտոն մտցնելը և փոխտնօրենի ընտրությունը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությանը փորձագիտական աջակցության հարցը:
Քննարկումների արդյունքում որոշվել է խորհրդի նախագահ ընտրել Վազգեն Կարապետյանին, համապատասխան փոփոխություններ կատարել կազմակերպության կառուցվածքում` մտցնելով փոխտնօրենի պաշտոնը և տալով փոխտնօրենի աշխատանքային նկարագիրը, ենթակայությունները և այլն: ԹԻՀԿ փոխտնօրեն է ընտրվել Սոնա Այվազյանը:
Ինչ վերաբերում է երրորդ հարցին` ԹԻՀԿ խորհուրդը որոշել է ողջունել «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության և Լրատվական ռադիո FM-106.5-ի կողմից կազմակերպված` «Կոռուպցիան և գիտակրթական համակարգը» Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուի անվան մեդիա-մրցանակաբաշխության անցկացումը և պատրաստակամություն է հայտնել իր փորձագիտական կարողություններով աջակցել այդ նախաձեռնությանը: