Ա1+-ի «Ձեր թեման» հաղորդաշարի հյուրերն էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, լրագրող, Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Գոհար Սիմոնյանը, բլոգեր, Մաշտոցի պուրակի շարժման ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանը և գրող, հրապարակախոս, ՀԱԿ համամասնական ցուցակի անդամ Տիգրան Պասկևիչյանը: Հյուրերն անդրադարձել են հետևյալ հարցերին` ինչպիսի՞ն են դիտորդների դերը հայ իրականության մեջ, ինչպիսի՞ ընտրությունների արդյունքում է ձևավորվել նոր խորհրդարանը, այս անգամ ինչպե՞ս իշխանությանը հաջողվեց կեղծել ընտրությունները:

Ընտրությունների ընթացքը վերահսկում էին ավելի քան 31 հազար տեղական և 647 միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելություններից ոմանք արդեն ներկայացրել են իրենց նախնական գնահատականները, որտեղ ներկայացվող հիմնական ընտրախախտումներն են քարոզչության շրջանում անհավասար մրցակցային դաշտը, որոշ ընտրատեղամասերում գործընթացին անհարկի միջամտությունները, ընտրողների նկատմամբ ճնշման դեպքերը:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` միջազգային դիտորդների զեկույցները շատ լուրջ են ազդում միջազգային հարաբերությունների վրա և իսկապես զսպիչ դեր են կատարում: Այս անգամվա ընտրություններում կոշտ խախտումների միջադեպերը ավելի քիչ են եղել ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնց ընթացքում ծեծ ու ջարդը զանգվածային բնույթ էր կրում: Գոնե ձևական կողմի ապահովելը հենց զեկույցների արդյունքն է: Սակայն կեղծիքներն այժմ այլ ձևով են կատարվել: Նա մեջբերել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքը, որ այս ընտրություններում ընտրատեղամասերն էին լցոնվում մարդկանցով:

Մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ այս ընտրություններում ընտրակաշառք վերցնելը և քվեարկելը համարվում էր նորմալ: Կաշառք վերցնողների մի մասը կարծում էր, թե ում էլ ընտրեն, միևնույն է բան դուրս չի գալու: Այդ մտայնության համար բացի իշխանությունից մեղավոր են նաև քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմադիր կուսակցությունները:

Ի թիվս հիմնական խախտումների` աննախադեպ մեծ թվով ընտրակաշառք, ցուցակների ուռճացում, որը հսկայական զենք է իշխանությունների ձեռքին, Վարուժան Հոկտանյանի կարծիքով մեծ դեր են խաղացել ինստիտուցիոնալ վախը, շեֆ-հաճախորդ հարաբերությունները` մեծ բոսը և փոքր մարդիկ: Շեֆ-հաճախորդ հարաբերությունները բերում են նաև քաղաքականության անձնավորման, և մարդիկ ընտրում են ոչ թե կուսակցություններ, ծրագրեր, այլ անձանց: Դրա հիմքը աղքատությունն է, սոցիալական բևեռացվածությունը, որ բնորոշ է երրորդ աշխարհի արխայիկ երկրներին: Ջինիի գործակցով նախկին խորհրդային հանրապետությունների մեջ Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում:

Գոհար Սիմոնյանի կարծիքով ընտրակեղծիքների հարցում դեր ունի մեր մտայնությունը: Մեկ այլ նկատառում` աննախադեպ շատ էին այս ընտրությունները դիտարկող տեղացիները: Կոնկրետ այն տեղամասում, ուր ինքը վստահված անձ էր, կային ընտրությունները դիտարկող 15 տեղական դիտորդ, որոնք բոլորն էլ ներկայացնում էին նույն մարդուն: Թեպետ կար այլ թեկնածուի վստահված անձ, սակայն նա ևս ներկայացնում էր հիմնական իշխանամետ թեկնածուին: Իսկ քաղաքացին խրամատավորված է և վախի մթնոլորտում չէր հանդգնում ձայն տալ իր նախընտրելի թեկնածուին:
Արմեն Հովհաննիսյանի տեսանկյունից անհնար է պետության մեջ անցկացնել նորմալ ընտրություններ, եթե իշխանությունը պատրաստ չէ սահմանադրական խաղաղ ճանապարհով զիջել իշխանությունը: Այսինքն հերթական անգամ կատարվեց սահմանադրական կարգի ոտնահարում, սակայն բանտերը չլցվեցին և արյուն չթափվեց:

Ըստ Տիգրան Պասկևիչյանի` դիտորդների դերը արդյունավետ չէ, քանի որ ֆորմալ առումով մեր երկրում ամեն ինչ ապահովված է, ինչը ՀՀ երկրորդ նախագահի մեծագույն նվաճումներից մեկն է` ստեղծել մի տեսակի ժողովրդավարություն, որ դրսից նայես երևա, ներսից նայես չլինի: Այս ձևակերպումը Պասկևիչյանը տվել է մի քանի տարի առաջ: Այսօրվա խնդիրների մեծ մասը նրա կարծիքվ կապված է հասանելիության հարցի հետ, ինտերնետը դեռևս բոլորին հասանելի տարածք չէ, հասարակական արձագանքման մեխանիզմ չի ապահովվում, իսկ ընդդիմությունը չի կարողանում իր ասելիքը տեղ հասցնել: