Բնակիչները բավականին ակտիվորեն են ահազանգել iditord.org կայքին
Ս. թ. մայիսի 10-ին «Հայացք» ակումբի հյուրեր iditord.org հարթակի համակարգողներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ամփոփել են ընտրական գործընթացներում iditord.org հարթակի գործունեության արդյունքները: Ըստ Սոնա Այվազյանի` կայքում այս պահին գրանցված է 1062 խախտում, որի մոտ կեսն առնչվել է քվեարկության օրվան, սակայն ահազանգերը շարունակվում են, որովհետև որոշ, մասնավորապես հասարակական կազմակերպություններ, իրենց դիտարկումները նոր գրանցում են կայքի մեջ, այնպես որ թվերի տատանումներ կլինեն: Բացի այդ, կան տվյալներ, որ հստակեցվում են, որովհետև որոշ հաղորդագրություններ հստակ կամ ճշգրիտ չեն եղել կամ պարզաբանունմերն են ավելացվում:
Մայիսի 6-ի առավոտյան արդեն ավելի քան 500 խախտում էր գրանցվել: Հաքերային հարձակումից ժամեր առաջ կայքը շատ ակտիվ է եղել՝ ժամում մոտ 100 հաղորդագրություն էր ստացվել: Ստացված հաղորդագրությունները վերաբերել են հնարավոր բոլոր խախտումներին, այդ թվում՝ ընտրացուցակներում առկա անճշտություններին, բարեգործությանն առնչվող կաշառքների բաժանմանը, ընտրողների վրա ճնշման գործադրմանը, քարոզարշավը խոչընդոտելուն, ընտրական հանձնաժողովների և ընտրատեղամասերում գտնվող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից անօրինական գործողություններին, այլ խախտումների դեպքերին և այլն: Ընտրախախտումների մասին հաղորդագրությունների կեսից ավելին բաժին է ընկնում Երևանին, որին հաջորդում են Գյումրին, Վանաձորը, Գորիսը և Արմավիրը:
Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է կայքի տեխնիկական մասին, հիշեցնելով, որ iditord.org-ը հարթակ է, որտեղ քաղաքացիները կարող են իրենց տեսած ընտրախախտումների մասին անմիջապես ահազանգել: Ահազանգերը տեղադրվում են քարտեզի վրա: Դրանք տարբեր բնույթի էին` երբեմն կարճ տեքստ էր ուղարկվում, երբեմն տեքստն ուղեկցվում էր մանրամասն տեսանյութով և լուսանկարներով` համարվելով վստահելի պիտակ ստացած ահազանգ: Որոշ ահազանգեր հետագա զարգացում են ունեցել` կա՛մ լրատվամիջոցը գնացել և ինչ-որ ճշգրտումներ է մտցրել կա՛մ պետական կառույցը, օրինակ պաշտպանության նախարարությունն է արձագանքել, իսկ ոստիկանությունը 2 դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է ներկայացրել գործի վարույթ սկսելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ ինտերնետային կայքը ենթարկվել է հաքերային հարձակումների: Պատվիրատուին գտնելը գրեթե անհնար է: Իսկ կայքում տեղադիվածը մշակելու տեղ ունի:

