Քաղաքացիական հասարակությունը մոնիտորինգի է ենթարկում ընտրությունները
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել են «Քաղաքացիական հասարակությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» ընտրական ծրագրերի հանրային ներկայացմանը, որ տեղի է ունեցել Կոնգրես հյուրանոցում ս.թ. ապրիլի 11-ին: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացվել են քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիտորինգային տարբեր նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակնէ վերահսկել ընտրությունների անցկացումը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը մասնակից է այդ նախաձեռնություններից մի քանիսին: Շնորհանդեսի ընթացքում կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է «2012 թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ» և «2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման և հանրային գնումների մոնիտորինգ Հայաստանում 2011-2012 թթ.» ծրագրերին որպես դրանց ղեկավար:
Սոնա Այվազյանը, ով «Ընտրությունների փոստատար. 2012 խորհրդարանական ընտրություններ» ծրագրի ղեկավարն է, ներկայացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի համատեղ ջանքերով իրականացվող ծրագրի արդյունքները, նշելով, որ ծրագրի շրջանակներում յոթ փոստատար են վերապատրաստվել, որոնք այցելել են ՀՀ 70 բնակավայրեր և մոտ 800 քաղաքացիներից հավաքել մոտ 3000 հարցեր նրանց հուզող հիմնախնդիրների վերաբերյալ և առհասարակ բացահայտել են համայնքներում առկա խնդիրները:
Առավել հաճախ հնչող հիմնահարցերը ներկայացվել են քաղաքական ուժերին` խնդրելով, որ նրանք իրենց նախընտրական ծրագրերում անդրադառնան այդ հարցերին: Սոնա Այվազյանը նշել է, որ հանրության բարձրացրած հարցերը հիմնականում սոցիալական բնույթի են, որոնք առնչվում են աշխատատեղերի բացակայությանը և ապագա չտեսնելուն: Բարձրացվել են նաև բանակի, կոռուպցիայի, ցածր աշխատավարձերի հետ կապված հիմնախնդիրներ:
Մի քանի կուսակցություններ բացարձակապես անհաղորդ են այս կոչերին և չեն արձագանքում, մյուսները ոչ բոլոր ծրագրերին են պատրաստակամություն հայտնել մասնակցելու:
Միջոցառումը նվիրված էր մի շարք ծրագրերի, որոնք ֆինանասավորվում են Բաց-հասարակության հիմադրամներ-Հայաստանի և համաֆինանսավորվում` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների դեսպանատների կողմից: