Մարտի 1-ի չորրորդ տարելիցին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Արփինե Գալֆայանը «ՍիվիլՆեթ» հեռուստաընկերության հյուրերն էին: Դիտակետում մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն էին, որոնց հանգամանքներն առ այսօր չեն բացահայտվել, իսկ մեղավորները` չեն պատժվել: Հաղորդման հյուրերը զրուցել են մարտի 1-ի պատճառների, հետևանքների և լուծումների մասին` անդրադառնալով ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված` Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի լրամշակված տարբերակին, ինչը ենթադրում է արտակարգ դրության ժամանակ բանակի մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

Սոնա Այվազյանը գտնում է, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի մեջ այդքան շուտափույթ, առանց հասարակական քննարկման արժանացնելու փոփոխություններ մտցնելը կարող էր պայմանավորված լինել միայն առաջիկա ընտրություններով: Բազմաթիվ փորձագետների կարծիքով օրինագիծը համարվում է հակասահմանադրական, քանի որ բանակը չի կարող մասնակցել ներքին քաղաքական խնդիրներին: Այն հանգամանքը, որ օրինագիծն ընդունվել է հենց մարտի 1-ին, ցույց է տալիս որ ՀՀ իշխանությունները չեն բացառում այդ իրողության կրկնությունը և դա ավելի մեծ չափով պարզապես նախազգուշական միջոցառում է, քանի որ իշխանության պահպանման համար նրանք պատրաստ են գնալ ցանկացած քայլի:

Սոնա Այվազյանի հավաստմամբ մարտի 1-ը սկիզբ առավ, երբ 2008 թ. փետրվարի 19-ի ընտրությունները բավականին լրջորեն կեղծվեցին, և ժողովուրդը չուզենալով համակերպվել այդ կեղծիքների հետ, ընդվզեց` դուրս գալով փողոց ու տաս օր շարունակ մնաց Ազատության հրապարակում: Քսան օր արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո ժողովուրդը նորից դուրս եկավ փողոց: Ոստիկանությունը ժողովրդին հարյուրներով բերման էր ենթարկում, սակայն մարդիկ չէին հանգստանում, որովհետև չէին ցանկանում ապրել կեղծված արդյունքներով:

Վարչակազմը պահպանելու այլ լծակ չունենալով` իշխանությունը հարցը լուծեց ուժային մեթոդով: Այսօր մեր իշխանությունները պատրաստ չեն գնալ արդար, ազատ ընտրությունների այն պարզ պատճառով, որ չեն կարողանա այնքան ձայն հավաքել, որ պահեն այսօրվա մեծամասնությունը և ստիպված կլինեն կեղծելու ընտրությունները: Սոնա Այվազյանի համոզմամբ մարտի 1-ը հիմնականում չէր լինի, եթե այսօրվա նախագահը և նախկին նախագահը համապատասխան որոշումներ կայացնեին:

Իշխանությունների դերը պետք է լինի թույլ տալ ազատ, արդար ընտրություններ: Այսօրվա իշխանությունները պատրաստ չեն զիջել իրենց աթոռները: Ուստիև, հետագա մարտի 1-եր բացառելու համար միակ հույսը ընդդիմության ակտիվացումն ու հասարակության կազմակերպված լինելն է:

Մարտի 1-ին ոստիկանության կերպը փոխվեց հասարակության ընկալման մեջ: Ոստիկանները մի կողմից դարձան ռեժիմի ցանկությունների ու գործողությունների իրականացնողները, մյուս կողմից կարծես թե իրականում քավության նոխազ էին այն առումով, որ հասարակության դժգոհությունն ու զայրույթն առաջին հերթին ջարդվում է հենց ոստիկանների գլխին:

Սոնա Այվազյանի կարծիքով հասարակությունը հասցրել է որոշակի գիտելիքներ ձեռք բերել և որոշ դեպքերում, երբ համեմատում ես ասենք հավաքների ազատության հետ կապված հասարակության ներկայացուցիչների և ոստիկանության գիտելիքները, կարծես հասարակության ներկայացուցիչներն ավելի լավ են տիրապետում օրենքին, և երբեմն թվում է, թե ոստիկանները հրամանները կատարում են առանց գիտակցելու դրանց անօրինակությունը: Ոստիկանությունն այսօր հանդես է գալիս ոչ թե որպես օրենքի պաշտպան, այլ իշխանության պաշտպան: Այդ պրակտիկայից հրաժարվելու համար քաղաքական կամք է հարկավոր: Իսկ այդ պրակտիկայից հարաժարվելը նշանակում է իշխանության դիրքերի խախտում, ինչը ցավոք հնարավոր չէ:

Ամփոփելով հաղորդումը` այն վարող Արփի Մախսուդյանը թերահավատություն հայտնեց իշխանության քաղաքական կամքի վերաբերյալ, հուսալով որ որ քաղաքական կամք կցուցաբերի հասարակությունը, տեր կկանգնի իր ձայներին և թույլ չի տա մարտի 1-ի կրկնությունը, կպաշտպանի իր ազատ, արդար ընտրելու իրավունքը մայիսի 6-ին և դրանից հետո տեղի ունեցող ընտրություններին: