Մոմերով ակցիա` Բանակի օրվա առթիվ
Հունվարի 28-ին, ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի օրը, Երևանի կենտրոնում, երեկոյան ժամը 18:30-ին մոմերով բողոքի լուռ ակցիա է կազմակերպվել, որին մասնակցել են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, ինչպես նաև բանակի խնդիրներով մտահոգ քաղաքացիներ: Նրանք մոմերով, սպանված զինվորների նկարներով ու պաստառներով շարժվել են Ազատության հրապարակից և Հյուսիսային պողոտայով հասել են մինչև Հանրապետության հրապարակ:
Երթի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ հետևյալ բովանդակությամբ. «Մենք չդարձանք 20 տարեկան», «Բռնության բացակայությունը մեր ուժն է», «Հայրենիք, պաշտպանիր պաշտպանիդ»: Երթի մասնակիցների մեծ մասը վերջին մի քանի տարում բանակում սպանված զինվորների հարազատներն էին, ովքեր պահանջում էին իրենց սպանված զավակների գործերի արդար քննություն: Նրանց ցանկությունը մեկն էր` թող այսուհետ ոչ մի զինծառայող չզոհվի: