Լոնդոն/Բեռլին, 2 նոյեմբերի, 2011թ. - Համաձայն զարգացած և զարգացող երկրներում 3,000 գործադիր պաշտոնյաներ ընդգրկող հարցման արդյունքների` իրենց երկրներից դուրս բիզնես ծավալող ընկերությունների կողմից օտարերկրացի պետական պաշտոնյաներին կաշառելը սովորական գործելաոճ է:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2011 թ. Կաշառք վճարողների համաթիվը, որը հրապարակվեց այսօր, դասակարգում է աշխարհի 28 առաջատար միջազգային և տարածաշրջանային արտահանող երկրներն ըստ իրենց ընկերությունների կողմից երկրից դուրս գործելիս կաշառք տալու հավանականության: Ռուսաստանյան և չինական ընկերությունները, որոնք 2010 թ. իրենց երկրներից դուրս կատարել են 120 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ, դիտվում են որպես այլ երկրներում առավել հավանական կաշառք տվող ընկերություններ: Նիդեռլանդական և շվեյցարական ընկերություններն առավել քիչ հավանական է, որ կաշառք վճարեն իրենց երկրներից դուրս աշխատելիս (տե՛ս Արդյունքները անգլերենով):

Համաշխարհային հանրության համար իրենց երկրներից դուրս կաշառք տալը առաջնահերթ հիմնահարցերից է: Մեկ տարի առաջ աշխարհի 20 առավել զարգացած տնտեսությամբ պետությունների խումբը (G20) պարտավորվեց լուծելու այս հիմնահարցը` կյանքի կոչելով հակակոռուպցիոն միջոցառումների գործողությունների ծրագիր: Միջոցառումների ծրագրի մոնիտորինգային աշխատանքային խմբի ծրագրի կատարման առաջընթացի զեկույցը, որն ակնկալվում է, որ հավանության կարժանանա նոյեմբերի 3-4-ը Ֆրանսիայի Կանն քաղաքում տեղի ունեցող G20-ի գագաթաժողովի ընթացքում, կանդրադառնա նաև այն քայլերին, որոնք կատարել են G20 անդամ հանդիսացող Չինաստանը, Ռուսաստանը և Ինդոնեզիան օտարերկրյա պաշտոնատար անձանց կաշառումը քրեականացնելու ուղղությամբ: Թրանսփարենսի Ինթերնեշնլը ողջունում է այս զեկույցը և կոչ է անում արագ կերպով կիրարկել նաև զեկույցում նշված հակակոռուպցիոն բնույթի այլ քայլերը:

«Այս շաբաթ Կաննում կայանալիք գագաթաժողովում G20-ի կառավարությունները պետք է ակտիվ կերպով աշխատեն օտարերկյա կաշառակերության հիմնահարցի վրա, քանի որ այն պահանջում է շտապ լուծումներ: G20-ի երկրներում ընդունված` դրան առնչվող նոր օրենսդրությունը հնարավորություն է տալիս ունենալու ավելի արդար և բաց համաշխարհային տնտեսական համակարգ, որը կստեղծի պայմաններ մնայուն հետճգնաժամային վերականգնման և կայուն ապագա` աճի համար: Իրենց երկրներում կառավարությունները կարող են ապահովել առաջընթաց` տրամադրելով միջոցներ օտարերկրյա կաշառակերության դեպքերի հետաքննության և դատական հետապնդման համար, և դրանով կստեղծվի անբարո և անօրինական վարքագծի կանխման շատ իրական մեխանիզմ»,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Հյուգետ Լաբելը:

Կաշառակերության ազդեցությունը

Վերը նշված հարցման ժամանակ միջազգային բիզնեսի առաջնորդները նշում էին ընկերությունների կողմից պետական պաշտոնյաներին կաշառելու լայնորեն տարածված պրակտիկայի մասին: Դրանք արվում էին, օրինակ, պետական գնումների մրցույթները հաղթելու, կարգավորման պահանջները շրջանցելու, պետական կառույցներում որոշումների ընդունումն արագացնելու կամ տվյալ բնագավառում վարվող քաղաքականության վրա ազդելու նպատակով:
Սակայն, համաձայն այսօրվա զեկույցի, որն առաջին անգամ դիտարկում է նաև ընկերությունների միջև կաշառակերության երևույթը, ընկերությունները նույն հավանականությամբ պատրաստ են նաև կաշառք տալու այլ ընկերություններին: Սա նշանակում է, որ կոռուպցիան միայն հանրային ոլորտի հիմնախնդիրը չէ, այն նաև դարձել է գործարար ոլորտի հիմնախնդիր, որն առաջ է բերում լուրջ ֆինանսական և համբավային ռիսկեր դրանում ներքաշված ընկերությունների համար:
«Ակնհայտ է, որ շատ ընկերությունների համար կաշառակերությունը իրենց գործունեության պրակտիկայում սովորական երևույթ է, որն առկա է ոչ միայն պետական պաշտոնյաների հետ իրենց շփումներում, այլ նաև այլ ընկերությունների հետ իրենց գործարար կապերում: Եվ եթե ընկերություններն ի վիճակի չեն լինում կանխարգելել կաշառակերությունն իրենց գործընկերների հետ հարաբերություններում, ապա նրանք կարող են պատժվել իրենց աշխատակիցների և գործընկերների գործողությունների համար»,- նշում է տիկին Լաբելը:

2011 թ. Կաշառք վճարողների համաթիվը ցույց է տալիս նաև 19 ոլորտներից յուրաքանչյուրում գործող ընկերությունների կողմից կաշառք տալու և օտարերկրյա կառավարությունների վրա անթույլատրելի ազդեցություն գործելու հավանականությունը: Ըստ այդմ.

- Առավել ցածր միավորներ հավաքել են շինարարական և պետբյուջեից տրամադրվող միջոցներով հանրային նշանակության օբյեկտներ (ճանապարհներ, ամբարտակներ և այլն) կառուցող ընկերությունները: Սա այն ոլորտն է, որտեղ գոյություն ունեցող նորմատիվների խախտումը և ցածրորակ աշխատանքը կարող է ունենալ աղետալի հետևանքներ հասարակության և երկրի համար:

- Նավթագազային ոլորտում ևս բարձր է կաշառակերության հավանականությունը: Արդյունաբերության արդյունահանող ճյուղերը միշտ էլ աչքի են ընկել կոռուպցիոն բարձր ռիսկայնությամբ: Նավթով հարուստ Նիգերիայում գործող ընկերությունները 2010-11 թթ. արդեն տուգանվել են ավելի քան 3.2 մլրդ. ԱՄՆ դոլարի չափով` տեղի պետական պաշտոնյաներին կաշառելու համար: