«Գործարարությամբ զբաղվելը 2012 թ.» զեկույցի համաձայն` Հայաստանը վեց աստիճանով բարելավել է իր դիրքը
«Գործարարությամբ զբաղվելը 2012 թ.` գործարարությունն ավելի թափանցիկ աշխարհում» զեկույցը, որ հրապարակվել է Վաշինգտոնում 2011 թ. հոկտեմբերի 20-ին, գնահատում է 183 երկրներում գործող այն կանոնակարգերը, որոնք ազդում են տեղական ձեռնարկությունների վրա: Զեկույցը դասակարգում է երկրները բիզնեսի կանոնակարգման 10 ոլորտում, ինչպես օրինակ` բիզնես սկսելու, բիզնեսը փակելու և միջսահմանային առևտրի ոլորտներում: Ուսումնասիրության մեթոդաբանությունը 2011-ին ընդլայնվել է` ներառելով էլեկտրականության միացումներ ստանալու չափանիշը:
Կանոնակարգմանն առնչվող զանազան ոլորտներում գործարարությամբ զբաղվելու դյուրինության բարեփոխումներում ամենաառաջատար 12 երկրներն են Մարոկոն, Մոլդովան, Մակեդոնիան, Սան Տոմեն և Փրինսիփին, Լատվիան, Կաբո Վերդեն, Սիերա Լեոնեն, Բուրունդին, Սողոմոնյան Կղզիները, Կորեայի Հանրապետությունը, Հայաստանը և Կոլումբիան:
55-րդ տեղում դասված Հայաստանը 2011 թ. համաշխարհային սանդղակի 61-րդ տեղից բարձրացել է վեց աստիճանով` փոփոխված մեթոդաբանության և էլեկտրականության միացումներ ստանալու նոր չափանիշին համապատասխան, ինչի հետևանքով կատարվել է անցած տարվա 48-րդ դիրքի վերահաշվարկ: Հայաստանը 183 երկրներից միակն է, որը 2010 թ. հունիսից մինչև 2011 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում իրականացրել է կանոնակարգման և ինստիւտուցիոնալ հինգ բարեփոխում: Մասնավորապես, երկիրը բարեփոխվել է բիզնեսի կանոնակարգման հետևյալ ոլորտներում` բիզնես սկսելը, շինարարության թույլտվություն ձեռք բերելը, վարկ ստանալը (վարկային տեղեկատվություն), հարկ վճարելը, բիզնեսը փակելը:
Հայաստանն ավելի դյուրին է դարձրել բիզնես սկսելու գործընթացը` ստեղծելով բիզնեսի անվանումը պատվիրելու, բիզնեսը գրանցելու և հարկային նույնականացման համարը ստանալու մեխանիզմ, որը, միավորելով ընթացակարգերը, աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Դրանից բացի, ընկերություններին ընձեռնվել է առցանց ռեժիմով գրանցվելու հնարավորություն: Երկրում ավելի դյուրին է դարձել շինարարության թույլտվություն ձեռք բերելը, քանի որ ծավալով փոքր ծրագրերի դեպքում վերացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պահանջը: Հայաստանը բարելավել է վարկային տեղեկատվության իր համակարգը` ներդնելով հանրային ծառայություններից տեղեկատվություն ստանալու և այն բաշխելու պահանջ: Երկիրը դյուրացրել է հարկային պարտավորությունների կատարումը` կրճատելով շահութահարկի և եկամտահարկի, սոցիալական ապահովության վճարների, գույքահարկի և հողի հարկի վճարումների թվաքանակը: Ներդրվել է նաև հաշվետվությունների ներկայացման և խոշոր հարկերի վճարման պարտադիր էլեկտրոնային համակարգ: Եվ վերջապես, Հայաստանը փոփոխման է ենթարկել սնանկության մասին օրենսդրությունը: Այդ փոփոխություններով կարգավորվում է անվճարունակության հարցերով կառավարիչների նշանակումը, կրճատվում է սնանկությանն առնչվող դատական գործընթացի ժամանակահատվածը, ինչպես նաև կարգավորվում է վաճառքի հարցն աճուրդի միջոցով:
Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի նոր զեկույցի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներն ինը տարի անընդմեջ մյուս տարածաշրջաններից առաջատարն են ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ոլորտում: Անցած տարվա ընթացքում տարածաշրջանի 24 երկրներից 21-ը բարելավեցին տեղական ձեռնարկությունների համար բիզնեսի կանոնակարգման դաշտը` իրականացնելով ընդհանուր թվով 53 բարեփոխում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսը փակելը, շինարարության թույլտվությունների ձեռք բերման գործընթացը, պայմանագրերի կիրարկումը և ներդրողների պաշտպանությունը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագայում տարածաշրջանի երկրների 40 տոկոսը բարելավեցին բիզնեսը փակելու գործընթացը այնպիսի միջոցառումների իրականացմամբ, ինչպես օրինակ` սնակության մասին օրենքների փոփոխելը:
Նոր տվյալները վկայում են, որ բիզնեսի կանոնակարգման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության բարելավումն օգնում է գործարարներին: «Թափանցիկության բարձրացումը և կանոնակարգման տեղեկատվության հասանելիությունը կարևոր են ավելի առողջ բիզնես միջավայր ստեղծելու համարե,- նշել է Սիլվիա Սոլֆը` զեկույցի հեղինակներից առաջատարը: «Այսօրվա դրությամբ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների 60 տոկոսը դյուրացրել են վարձավճարների ցանկի կամ պահանջվող փաստաթղթերի մասին տեղեկության ձեռք բերման գործընթացը առևտրի, բիզնես սկսելու, շինարարության թույլտվությունների ձեռք բերման կամ էլեկտրականության միացումներ ստանալու ոլորտներում»:
Մի նոր չափանիշ, որը գնահատում է, թե որքան է փոխվել բիզնեսի կանոնակարգումը անցած վեց տարվա ընթացքում, ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները բիզնես միջավայրն ավելի բարենպաստ են դարձրել գործարարների համար: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ ռացիոնալացված բիզնեսի կանոնակարգման միջավայրը նպաստում է երկրի տնտեսական աճինե, - ասել է Համաշխարհային Բանկի Խմբի Համաշխարհային ցուցանիշների և վերլուծությունների դեպարտամենտի տնօրեն Ավգուստո Լոպեզ-Կլարոսը: «Պարզեցնելով կանոնակարգերը և մեծացնելով վարկերի մատչելիությունը` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները շարունակում են ավելի մեծ հնարավորություններ ստեղծել գործարարների համար»:
«Գործարարությամբ զբաղվելը» շարքի մասին
«Գործարարությամբ զբաղվելը» զեկույցներում վերլուծության են ենթարկվում այն կանոնակարգերը, որոնք վերաբերում են տվյալ երկրի տնտեսվարող սուբյեկտներին նրանց գործունեության ողջ ընթացքում. բիզնես սկսելն ու աշխատանքը, միջսահմանային առևտուրը, հարկերի վճարումը և բիզնեսի փակումը ներառյալ: «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը չի անդրադառնում բիզնես միջավայրի այն բոլոր ասպեկտներին, որոնք կարևոր են ընկերությունների և ներդրողների համար: Օրինակ` այն չի գնահատում անվտանգության, մակրոտնտեսական կայունության, կոռուպցիայի և հմտությունների մակարդակը կամ ֆինանսական համակարգերի հզորությունը: Զեկույցի եզրահանգումները տնտեսական քաղաքականության մասին բանավեճեր են առաջ բերել ավելի քան 80 երկրում` հանգեցնելով հետազոտությունների, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է ընկերության մակարդակում կանոնակարգումն առնչվում տվյալ երկրի տնտեսական զարգացմանը: «Գործարարությամբ զբաղվելը» շարքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.doingbusiness.org կայքը կամ միանալ Facebook http://www.facebook.com/DoingBusiness.org կայքում:
Համաշխարհային բանկի խմբի մասին
Համաշխարհային բանկի խումբը զարգացող երկրների ֆինանսավորման և գիտելիքների ամենամեծ աղբյուրներից մեկն է աշխարհում: Այն բաղկացած է հինգ սերտորեն կապված հաստատություններից` Համաշխարհային բանկը կազմող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (ՎԶՄԲ/IBRD) և Միջազգային զարգացման ընկերակցություն (ՄԶԸ/IDA), Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ/IFC), Բազմակողմանի ներդրումների երաշխավորման գործակալություն (ԲՆԵԳ/MIGA) և Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (ՆՎԼՄԿ/ICSID): Յուրաքանչյուր հաստատությունն ունի իր հստակ դերը աղքատության դեմ պայքարի և զարգացող աշխարհի բնակչության ապրելակերպի բարելավման գործում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.worldbank.org, www.miga.org, և www.ifc.org կայքերը:

