Բեռլինում գումարվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի տարեկան ընդհանուր ժողովը
Ս.թ. հոկտեմբերի 13-18-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել է Բեռլինում կայացած ԹԻ տարեկան ընդհանուր ժողովին, որին ներկա էին ԹԻ շարժման 106 երկրների ավելի քան 400 պատվիրակներ քննարկելու շարժման ներկա և ապագա գործունեությունը: Հոկտեմբերի 13-ին նա մասնակցել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ժողովին, որի ընթացքում ԹԻ մասնաճյուղերը տեղեկացվել են ԹԻ քարտուղարության ընթացիկ աշխատանքների, մասնավորապես ԹԻ 2015 թ. ռազմավարության իրականացման և տարածաշրջանի առաջնահերթությունների վերաբերյալ:
Ընդհանուր ժողովի բացման նիստի ընթացքում քննության է առնվել գլոբալ համատեքստն ու ԹԻ գործունեությունը 2011-ին: Մյուս լիագումար նիստերն անդրադարձել են կոռուպցիան որպես մարդկության դեմ հանցագործություն, առաջընթացը ԹԻ քարտուղարության հռչակած 6 հիմնական ծրագրերում` մարդկանց ներգրավվածությունը, լուծումներն և գիտելիքները կոռուպցիայի դեմ պայքարում, օրինավորությունը բիզնեսում, ռեսուրսների կենտրոնացումն ու կայունությունը, ԹԻ ինստիտուցիոնալ ցանցի ամրապնդումն և հանրային հատվածի օրինավորությունը:
ԹԻ խորհրդի կողմից ներկայացված առաջընթացի վերաբերյալ զեկույցը, 2010 թ. տարեկան և ֆինանսական հաշվետվությունները լսելուց և վավերացնելուց, ինչպես նաև 2011 թ. ֆինանսական տվյալների և 2012 թ. բյուջեի վերանայումից հետո տեղի են ունեցել ԹԻ նախագահի, նախագահի տեղակալի, տնօրենների խորհրդի, ԹԻ անդամների հավատարմագրման կոմիտեի ընտրություններ:
Տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում շարժումը ընդունել է հետևյալ բանաձևերը, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում օգնության արդյունավետության ու կառավարման հաշվետվողականությանը, կլիմայի փոփոխության ֆինանսավորման վերաբերյալ հակակոռուպցիոն մեխանիզմներին, հափշտակված ունեցվածքին առչվող G 20-ի ակցիային և քաղաքացիական հասարակության մասնակցությանը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից երկրների հսկման գործընթացի վերաբերյալ:
Տնօրենների խորհրդի ընտրության ընթացքում շարժումը Հյուգետ Լաբելին (Կանադա) վերընտրել է որպես նախագահ, իսկ Ակերե Մունային` (Կամերուն) փոխնախագահ: Խորհրդի անդամներից երկուսը` Դելիա Ֆերրեիրա Ռուբիոն (Արգենտինա) և Ռուբեն Լ. Լիֆուկան (Զամբիա) վերընտրվել են: Ընտրվել են նաև 4 նոր անդամներ` Յերմին Փ. Բրուքսը (Մեծ Բրիտանիա/ Գերմանիա), Ելենա Ա. Պանֆիլովան (Ռուսաստան), Խոսե Կարլոս Ուգազը (Պերու) և Էլիզաբեթ Ունգար Բլեյերը (Կոլումբիա):