Հակակոռուպցիոն միջոցառումները արդյունավետ չեն եղել
Ս.թ. հոկտեմբերին «Ֆորբս» ամսագիրի հրապարակված «Գործարարության համար լավագույն երկրները» ամենամյա վարկանշային աղյուսակում 134 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը` 2010 թվականի համեմատ բարելավելով իր դիրքերը 7 հորիզոնականով, սակայն այն զիջում է տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին, բացի Իրանից: Թեպետ առևտրի ազատության և տեխնոլոգիաների կիրառման առումով Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց` (68-41) և (100-83) համապատասխանաբար, այն կոռուպցիայի ցուցանիշով զգալի վատթարացում է ապրել` 95-ից հասնելով 103-ի:
Ինչ վերաբերում է մյուս ցուցանիշներին` Հայաստանը դրամավարկային քաղաքականության ազատությամբ զբաղեցրել է 64-րդ տեղը, սեփականության իրավունքներով` 106-րդ տեղը, նույն տեղը՝ նորարարությունների կիրառության առումով, բյուրոկրատիայի ազդեցության առումով՝ 19-րդ տեղը, ներդրումների պաշտպանության հարցում՝ 76-րդ տեղը, անհատի ազատության առումով՝ 100-րդ տեղը, հարկային բեռի մեծության առումով՝ 117-րդ տեղը: Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպերը կազմում են 2.6%, մեկ շնչին բաժին է ընկնում 5 հազար 700 դոլար, իսկ առևտրային հաշվեկշռի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 13.8%:
Տարիներ շարունակ արձանագրված երկնիշ աճից հետո Հայաստանը 2009-ին 14% անկում ունեցավ, ինչը հիմնականում պայմանավորված էր շինարարության ոլորտի անկմամբ և դրսից ստացվող տրանսֆերտների նվազմամբ: 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը որոշ բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում՝ սեփականաշնորհման, ֆիսկալ քաղաքականության ոլորտներում: Սակայն աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան և բիզնեսի կարևոր ճյուղերում խոր արմատավորված մոնոպոլիաները Հայաստանը դարձնում են հատկապես խոցելի՝ գլոբալ տնտեսության և Ռուսաստանի տնտեսության անկման ժամանակ:
Չնայած վերջին տարիներին հարկային և մաքսային վարչարարությունը որոշ չափով բարեփոխվել է, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները արդյունավետ չեն եղել, և տնտեսական անկումը հանգեցրել է հարկային մուտքերի կրճատման՝ կառավարությանը ստիպելով մեծածավալ վարկեր վերցնել Ռուսաստանից, Արժույթի հիմնադրամից և այլ միջազգային կառույցներից: Հայաստանին անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ՝ տնտեսական աճի տեմպերը վերականգնելու, տնտեսական մրցակցությունը բարելավելու և զբաղվածության հնարավորությունները մեծացնելու համար: Առավել ևս, որ երկիրը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ իր երկու անմիջական հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

