ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան հրապարակել է իր նոր նախագահի և փոխնախագահների անունները
ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի (որին անդամակցում է նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը) համակարգող խորհուրդը անցյալ շաբաթ հավաքվել է Վիեննայում և ընտրել պրոֆեսոր Սլաջյանա Տասևային խորհրդի առաջին նախագահ: Պրոֆեսոր Տասևան Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մակեդոնիայի նախագահն է: Նա նաև Լաքսենբուրգի (Ավստրիա) Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ակադեմիական խորհրդատվական խորհրդի անդամ է և 2007-ից ի վեր եղել է Եվրախորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբում (ԳՐԵԿՈ) Մակեդոնիայի Հանրապետության պատվիրակության ղեկավարը: Պրոֆեսոր Տասևան մասնագիտացած է փողերի լվացման դեմ պայքարի, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցերում:
Բացի այդ, Կոալիցիան հայտարարել է նաև իր համակարգող խորհրդի երկու փոխնախագահների ընտրության մասին: Դրանք են Քենիայում տեղակայված Բաց կառավարման աֆրիկյան կենտրոնի գործադիր տնօրեն Գլեդուել Օթիենոն և Ֆիլիպինների Թափանցիկության ու հաշվետվողականության ցանցի գործադիր տնօրեն Վինսենթ Լազաթինը:
Սույն նշանակումների մասին հայտարարվել է 2011 թ. հուլիսի 5-ի` Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Մարոկոյի կառավարության համատեղ կազմակերպած «Մարաքեշի ճանապարհին. քաղաքացիական հասարակության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» հանդիպման ընթացքում: Այդ հանդիպումը նախատեսված էր ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 4-րդ համաժողովին նախապատրաստվելու նպատակով, որը տեղի կունենա 2011 թ. հոկտեմբերի 24-ից 28-ը Մարոկոյի Մարաքեշ քաղաքում և կկազմակերպվի Մարոկոյի կառավարության կողմից:
Ավելի քան 350 անդամ, այդ թվում 310 քաղաքացիական հասարակության կազմակերպություն, միավորող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան շարունակում է Կոնվենցիայի բաց և թափանցիկ գնահատման գործընթացի կոչ անելը, և մասնակցելու է Մարաքեշում հոկտեմբերին կայանալիք առաջիկա հակակոռուպցիոն գագաթնաժողովին: Կոալիցիան նախատեսում է հանդես գալ մի շարք առաջարկություններով և հանձնարարականներով:

