«Կոռուպցիան բարձրանում է մինչև վերին օղակներ. իրենք իրենց դեմ, բնականաբար, չեն կարող և չեն էլ ուզում պայքարել»
mardik.am-ին տված հարցազրւյցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը նշել է, որ կոռուպցիայի վերաբերյալ ընկալումը գնալով վատանում է. կոռուպցիան աճում է: Կոռուպցիայի դեմ պայքարում պետությունը կարող է շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել, սակայն դա չի արվում` պայմանավորված քաղաքական կամքի բացակայությամբ: Կոռուպցիան Հայաստանում համակարգային բնույթ է կրում և բարձրանում է մինչև վերին օղակներ, որոնք իրենց դեմ, բնականաբար, չեն կարող և չեն էլ ուզում պայքարել: Այդ է պատճառը, որ որևէ դրական փոփոխություն չի նկատվում:
Պայքարը արդյունավետ կլինի, եթե պատգամավորները բիզնեսով չզբաղվեն, նախարարները նույնպես բիզնես չունենան, և անօրինական գործունեությունը պատժվի ոչ միայն ցածր (ինչը հիմա փորձում են անել), այլև բարձր մակարդակով: Շատ է խոսվում այս կամ այն պաշտոնական անձի իրավախախտման մասին, սակայն նրանցից որևէ մեկը չի պատժվել: Մինչև չձեռնարկվեն այդ քայլերը, մենք չենք կարող հավատալ, որ կոռուպցիայի դեմ պայքար է տարվում: Ցածր օղակներում տարածված կոռուպցիայի դեմ պայքարել հնարավոր չի լինի, մինչև նման երևույթը չպատժվի բարձր օղակներում, որովհետև ներքին օղակներն, ի վերջո, յուրաքանչյուրն իր մասով գումարը տալիս է նաև վերևներին. մարդիկ առնվազն այդպես են ընկալում:
ԹԻՀԿ-ը համագործակցում է պետական մարմինների հետ և մասնագիտական ներդրում ունի որոշ ոլորտներում, ներգրավված է եղել հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մշակման քննարկումներին, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովում, սակայն այդ ամենը ֆորմալ բնույթ է կրում և, ըստ էության, որևէ բան չի փոխում: Եվ այդ առումով համագործակցությունն արդյունավետ չէ: Գոյություն ունի ֆիկտիվ համագործակցություն ՀԿ-ների` մեծ մասամբ «գրպանային» ՀԿ-ների հետ, որոնք զուրկ են առողջ քննադատությունից: Դա արվում է պարզապես ՀԿ-ների հետ համագործակցության պատրանք ստեղծելու համար:

