Ի՞նչ է կատարվում ԵՄ հարևանությունում. օգնության տրամադրումը պայմանավորված է լինելու ժողովրդավարական բարեփոխումներով
Եվրամիության հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերաբերյալ բավականին ուշագրավ դիտարկում է ներկայացվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության բլոգում: «Ս.թ. մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի և Եվրամիության (ԵՄ) Արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի կողմից վերջապես հրապարակվել է ԵՄ հարևանության քաղաքականության մասին վերանայման հաղորդագրությունը: ԹԻ-ի` Բրյուսելում ԵՄ հետ կապերի գրասենյակը ողջունում է փոփոխվող հարևանության համատեքստում ժողովրդավարացումը և կոռուպցիայի դեմ պայքարը կարևորող առաջարկությունը:
ԵՀՔ-ն սահմանում է ԵՄ հարաբերությունների շրջանակը արևելաեվրոպական և հարավմիջերկրածովյան տարածաշրջանների երկրների հետ: Անցյալում ԵՀՔ-ն քննադատության էր արժանանում իր քաղաքական նախապայմանները լիարժեքորեն չօգտագործելու և հարաբերությունների բարելավումը այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են ժողովրդավարական բարեփոխումներն ու մարդու իրավունքները, բացահայտորեն պայմանավորելու հարցում թերանալու մեջ: Սակայն Եվրամիության հարավային հարևանների, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում սկիզբ առած արաբական աշունը ԵՀՔ-ի վերափոխման կարևոր խթան հանդիսացավ: «Ավելին ավելիի դիմաց» և «քիչ քչի դիմաց»` ԵՀՔ սահմանած նոր նշանաբանով ԵՄ օգնության տրամադրման ավելի խիստ պայմաններ է առաջադրում իր հարևան ոչ ժողովրդավար երկրներին:
ԵՀՔ որոշ կարևոր նոր հայեցակետերն են`
- ավելի մեծ աջակցություն ավելի խոր ժողովրդավարացման դիմաց
- օժանդակության տրամադրում ԵՀՔ քաղաքացիական հասարակության մասնակցային մեխանիզմների միջոցով
- Ժողովրդավարության զարգացման եվրոպական հիմնադրամի ստեղծում
- ավելի հստակ առաջնահերթություններ առավել ուժեղ քաղաքական ուղղորդման միջոցով` ԵՀՔ գործողությունների ծրագրերի և ավելի ճշգրիտ ցուցանիշների կիրառմամբ:
ԹԻ-ն խթանել է այս զարգացումների մեծ մասը, ինչպիսիք են կոնկրետ ժողովրդավարական բարեփոխումների հետ կապված զգալի քաղաքական նախապայմաններն ու ԵՀՔ-ում քաղաքացիական հասարակության մասնակցային մեխանիզմների ստեղծումը (տես հանձնակատար Ֆյուլեին ներկայացված 2010 թ. համատեղ հուշագիրը):
ԹԻ-ի` Բրյուսելում ԵՄ հետ կապերի գրասենյակը նաև խիստ ոգևորված է ԹԻ մասնաճյուղերի` ԵՀՔ-ին առնչվող գործունեությամբ, որոնք անխոնջ աշխատում են ծանր պայմաններում` նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարին և թափանցիկությանը: ԹԻ-ի Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնաճյուղերն իրականացրել են իրենց երկրների` ԵՀՔ գործողությունների ծրագրերով ստանձնած հակակոռուպցիոն բարեփոխումների և պարտավորությունների մոնիտորինգ: Մայիսի սկզբին նրանք հրապարակել են իրենց երկրների վերաբերյալ զեկույցները, համաձայն որոնց հակակոռուպցիոն միջոցառումների ընդունման և կիրարկման գործում գրանցվել է չնչին առաջընթաց:
Բրյուսելում ԹԻ զեկույցի հրապարակման ժամանակ ԹԻ Հայաստանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ԵՀՔ առջև ծառացած հիմնախնդիրն այսպես է ամփոփել. ««Ավելին ավելիի դիմաց»-ը քաղաքականություն է, բայց ինչպե՞ս չափել նրա արդյունավետությունը («ավելին»): Քաղաքականության հաջողության համար ցուցանիշների ու նախապայմանների ընտրության չափորոշիչները վճռորոշ կլինեն: Եթե դրանք սահմանափակված լինեն միայն օրենսդրական բարեփոխումներով, ապա չեն կարող դառնալ առաջընթացի երաշխիք»:
2011-2013 թթ. ընթացքում ԵՀՔ-ին կտրամադրվի հավելյալ 1.2 միլիարդ եվրո` այսպիսով առաջիկա երկու տարիներին հատկացվող աջակցությունը հասցնելով գրեթե 7 միլիարդ եվրոյի: Այնուամենայնիվ, մտահոգությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ քաղաքականությունը աջակցության չի արժանանա բավարար չափով ֆինանսական ռեսուրսների բացակայության և ԵՄ անդամ պետությունների քաղաքական անբավարար կամքի պատճառով: Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինքի արտաքին քաղաքականության գծով խոսնակ Ֆրանցիսկա Բրանտներն ասել է. «Առաջարկված «բլիթները»` Եվրոպայի հարևան երկրներից քաղաքացիների ավելի մեծ տեղաշարժը, շուկայի առավել հասանելիությունը և մեծ գումարները կմնան որպես դատարկ խոստումներ, եթե ԵՄ անդամ պետությունները ձախողեն պատշաճ աջակցությունը: Բյուջետային հատկացումների կրճատումների և սահմանների վերահսկման ներկա բանավեճի պայմաններում ակնհայտ է, որ այն դյուրին չի լինելու»:
Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի հավանությանն արժանանալուց հետո ԵՀՔ-ն պետք է արդարացնի իր ամբիցիոզ նպատակները: Հուսով ենք, որ արժեր այսքան սպասել այդ նպատակների իրականացմանը»: