ԵՀՔ 2010 թ. առաջընթացի զեկույց. Հայաստան
Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հրապարակել են «հարևանության փաթեթը», որը ներառում է վերանայված ԵՀՔ մասին հաղորդումը, 2010թ. զարգացումների վերաբերյալ 12 երկրների զեկույցները, ներառյալ Հայաստանի մասին, ոլորտային զեկույց, ինչպես նաև զեկույց Արևելյան գործընկերության մասին: Համաձայն ԵՀՔ իրականացման վերաբերյալ Հայաստանի 2010 թ. զեկույցի անհավասար առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում: Ջանքեր են գործադրվել հանրային հատվածում բարելավելու թափանցիկությունը` բարձրաստիճան քաղաքացիական ծառայողների ունեցվածքի մասին տարեկան պարտադիր տեղեկատվության տրամադրմամբ:
Որպես ԳՐԵԿՈ-ի հանձնարարականի կատարում` 2010 թ. մայիսի ընդունվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որով վերացվել է դատական գործ հարուցելու և դատախազներին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի լիազորությունը: ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հրապրակվել են պետական հաստատությունների գործունեության մասին ուսումնասիրություններ, իսկ կոռուպցիոն խնդիրների վերաբերյալ ավելի շատ քննարկումներ են ընթացել: Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ են աշխատանքից ազատվել կոռուպցիոն մեղադրանքներով: «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2010 թ. դեկտեմբերին: Սահմանափակ առաջընթաց է գրանցվել հակակոռուպցին օրենսդրության կիրառման և հակակոռուպցիոն ռազմավարության և դրա միջոցառումների ծրագրի ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ Հայաստանը 2010թ. որոշ առաջընթաց է արձանագրել քաղաքական երկխոսության և բարեփոխումների ոլորտում: Դրական քայլեր են ձեռնարկվել հաղթահարելու քաղաքական ճգնաժամը` աստիճանաբար ազատ արձակելով մի շարք անձանց, որոնք կալանավորվել են 2008թ. մարտի դեպքերից հետո: Լավ առաջընթաց է արձանագրվել զրպարտության ապաքրեականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ամրապնդման առումով: Որոշ առաջընթաց է գրանցվել դատական համակարգի թափանցիկությունն ավելացնելու ուղղությամբ, սակայն ոչ մի առաջընթաց չկա դատական համակարգի անկախության առումով: Լրատվամիջոցների բազմակարծության առումով առաջընթացը շարունակում է սահմանափակված մնալ. խոսքի և տեղեկատվության ազատության ոլորտում փոքր առաջընթաց կա, սակայն հետագա քայլերն անհրաժեշտ են:
2010թ. առաջընթաց չի գրանցվել բանտային պայմանների բարելավման առումով: Կալանավայրերում, ոստիկանական բաժանմունքներում և բանակում զորակոչիկների շրջանում խոշտանգման և դաժան վերաբերմունքի դեպքեր են արձանագրվել, որոնք պատշաճ հետաքննության չեն ենթարկվել: Գլոբալ տնտեսական ճգնաժամով պայմանավորված խիստ անկման պայմաններում 2010թ. նոյեմբերին ԵՄ և Հայաստանը համաձայնություն կնքեցին 100 միլիոն եվրո ֆինանսական օժանդակության փաթեթի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ճգնաժամը խոչընդոտեց տնտեսական բարեփոխումների, աղքատության նվազեցման և շրջակա միջավայրի պահպանման հարցերի առաջընթացին: Ընդհանուր առմամբ, Հայաստանը վարել է խելամիտ մակրոտնտեսական քաղաքականություն և որոշ քայլեր ձեռնարկել տնտեսական անկման ազդեցությունը մեղմելու համար:
2010թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվել են ամենաբարձր մակարդակներում, որի արդյունքում, ի թիվս այլոց, համաձայնություն է ձեռքբերվել գերիների փոխանակման շուրջ:
2010թ. Հայաստանն առաջընթաց է արձանագրել ԵՀՔ Գործողությունների ծրագրի որոշ ոլորտներում, ներառյալ քաղաքական երկխոսության և բարեփոխումների ոլորտում:
ԵՄ- Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2010թ. հուլիսին և այժմ հաջող ընթացքի մեջ են:
Քաղաքական երկխոսություն և կառավարում, ներառյալ Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականություն
- 2010թ. Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի հայեցակարգի մշակման համար: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրավիճակի մշտադիտարկում իրականացնել (2010թ. այն ներկայացրել է 2 հատուկ զեկույց): Սակայն կալանավայրերում խոշտանգման և դաժան վերաբերմունքի դեպքերը շարունակվում են արձանագրվել, և ոչ մի առաջընթաց չի արձանագրվել բանտային պայմանների կամ անչափահասների գծով արդարադատության բարելավման համակարգում:
- Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը, որը հայաստանյան օրենսդրությունն է ավելի կհամապատասխանեցնի միջազգային պարտավորություններին, դրվել է հանրային քննարկման:
- Առաջընթաց է գրանցվել դատական բարեփոխումների իրականացման (2009-2011թթ. Գործողությունների ռազմավարական ծրագրին համապատասխան), մասնավորապես դատական համակարգի թափանցիկության առումով, սակայն դատական համակարգի անկախության հարցը դեռևս լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
- Որոշ քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ներառյալ պետական սեկտորի թափանցիկության ավելացման ուղղությամբ: Բարելավվել է խոսքի և տեղեկատվության ազատությունը, սակայն հեռուստատեսության և ռադիոյի օրենքի լրացումները քննադատության են ենթարկվել ԵԱՀԿ կողմից, քանի որ չեն ապահովում լրատվամիջոցների բազմակարծությունը: Բարելավում է արձանագրվել հավաքների ազատության հարցում:
- 2010թ. սեպտեմբերին Հայաստանը ստորագրել է Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան, և հաստատել է գենդերային քաղաքականության հայեցակարգը:
Հայաստանը համաձայնել է միանալ ԵՄ արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության 44 հայտարարություններից 28-ին: 2010թ. հունիսին և սեպտեմբերին ԵՄ և Հայաստանի միջև տեղի է ունեցել քաղաքական և անվտանգության կոմիտեի քաղաքական երկխոսության երկու հանդիպումներ:
Տնտեսական ինտեգրում և առևտուր
- 2010թ. տնտեսական գործունեությունը վերականգնվել է խորն անկումից: ՀՆԱ-ն աճել է մոտ 4%-ով: Տարվա վերջում գործազրկության ցուցանիշն ընկել է 6.9%-ով:
- Տեղական և արտաքին մատակարարման ցնցումները և գյուղատնտեսական արտադրանքի անկումը 2010թ. նոյեմբերին սղաճը հասցրել է 9.5%-ի:Կենտրոնական բանկի տոկոսադրույքը մնացել է 7.25%
- Ճգնաժամի արդյունքում կառավարությունը հետաձգել է աղքատության նվազեցման ուղղությամբ կայուն զարգացման ծրագրի իրականացումը:
- 2010թ. ԵՄ հետ երկկողմ առևտուրն աճել է, ԵՄ-ից արտահանումը դեպի Հայաստան աճել է 4.2%-ով, իսկ հայկական արտադրանքի արտահանումը դեպի ԵՄ աճել է 59.9 % (այնուամենայնիվ դրանք մնում են ցածր հավելյալ նշանակության մի շարք ապրանքատեսակներ):
- Հայաստանը որոշ առաջընթաց է արձանագրել խորը և համապարփակ ազատ առևտրի բանակցությունների համար ԵՄ առաջարկներ իրականացման գործում: Կառավարությունը հաստատել է որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությունը, բարելավել է մաքսային ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները, ապրանքների ազատ տեղաշարժի, սանիտարիայի և բուսասանիտարիայի հարցերում գրանցել առաջընթաց և այլն:
Մարդկանց տեղաշարժի, անկանոն միգրացիայի դեմ պայքարի խրախուսում
- Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2010թ. հուլիսին: 2010թ. նոյեմբերին Հայաստանն ընդունել է Սահմանային անվտանգության և սահմանների համապարփակ կառավարման ռազմավարությունը: Աշխատանքները շարունակվում են նաև միգրացիայի և ապաստանի հարցերով ազգային ծրագրի մշակման ուղղությամբ:
- Որոշ քայլեր են ձեռնարկվել մարդկանց թրաֆիքինգի վերացման, թմրամիջոցների և փողերի լվացման դեմ պայքարի ուղղությամբ: Սակայն ոչ մի առաջընթաց չի արձանագրվել ոստիկանության և դատական համակարգի համագործակցության, ինչպես նաև տվյալների պաշտպանության ոլորտում: 2010թ. մարտին մեկնարկել է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագիրը:
Ոլորտային համագործակցություն. Օրինակներ
- Տրանսպորտ. Մեկնարկել է 2009-2020թթ. տրանսպորտային սեկտորի զարգացման ռազմավարության իրականացումը: Առաջընթաց է գրանցվել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և երկաթգծերի վերականգնման հարցերում: Հայաստանի Ճանապարհային անվտանգության խորհուրդը սկսել է իր աշխատանքները. կյանքի է կոչվել ճանապարհային անվտանգության ռազմավարությունը, որի արդյունքում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները:
- Էներգիա. 2010թ. մայիսին Հայաստանը դիմել է Էներգետիկ համայնքի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: ԵՄ-Հայաստան էներգետիկ հարցերով ենթահանձնաժողովի առաջին հանդիպումը կազմակերպվել է 2010թ. նոյեմբերին: Հայաստանը շարունակել է Մեծամորի ատոմակայանի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքները և շարունակել վարկավորել ատոմակայանի փակման ֆոնդը` նկատի ունենալով 2016թ.ատոմակայանի ծրագրված փակումը: ԵՄ շարունակում է հորդորել Հայաստանին փակել ատոմակայան հնարավորինս շուտ, մինչև ծրագրված ժամկետը, քանի որ Մեծամորի ատոմակայանը չի կարող արդիականացվել այնքան, որպեսզի համապատասխանի միջուկային անվտանգության միջազգային չափանիշներին:
- Շրջակա միջավայր. Շրջակա միջավայրի Կովկասի տարածաշրջանային կենտրոնը շարունակում է գործունեություն իրականացնել, ներառյալ տեղեկատվության և հանրային մասնակցության հարցերում: Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կոնվենցիային կից շրջական միջավայրի ռազմավարական գնահատման արձանագրությունը: Հայաստանը նաև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային է ներկայացրել կլիմայի փոփոխության վերաբերյալ Ազգային երկրորդ ծրագիրը:
- Կրթություն. Բոլոնիայի գործընթացի համատեքստում մշակվել է 2010-2015 թթ. ռազմավարական ծրագիրը: Հայաստանյան ուսանողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Էրազմուս Մունդուս մագիստրոսական ծրագրերին: Բացի այդ, Երևանի պետական համալսարանին է շնորհվել Ժամ Մոնեի միջառարկայական մոդուլը, որը կենտրոնացած է ԵՄ Կովկաս հարաբերությունների վրա:
- Մշակույթ. Մշակութային ծրագրի ներքո` Հայաստանը մասնակցել է 2010թ. ԵՀՔ երկրների հատուկ գործողությանը:
- Առողջապահություն. Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանը հաղորդակցության ուղիներ են հաստատել հասարակական առողջության ճգնաժամային պայմաններում էպիդեմիոլոգիական տեղեկատվության փոխանակման համար: