Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ երրորդ փուլի գնահատման զեկույցը, որում ԳՐԵԿՈ-ն անհրաժեշտ է համարում ՀՀ քրեական օրենսգրքի մեջ հետագա փոփոխություններ մտցնել Եվրախորհրդի չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: ԳՐԵԿՈ-ն նաև կոչ է անում ուժեղացնել կուսակցությունների ֆինանսավորման և նախընտրական քարոզչության նկատմամբ հսկողությունը:

Կոռուպցիայի քրեականացման առումով` ԳՐԵԿՈ-ն, ողջունելով հանդերձ ՀՀ քրեական օրենսգրքի 2008 թ. փոփոխությունները, գտնում է, որ Եվրախորհրդի Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվենցիայի չափանիշներին լիովին համապատասխանելու նպատակով անհրաժեշտ է իրավական դրույթները հետագա փոփոխության ենթարկել. ի թիվս այլ խնդիրների, ապահովելու, որ կաշառքի պահանջի համար անգամ կարելի լինի քրեական պատասխանատվություն սահմանել, որ այն տարածվի մասնավոր հատվածի բոլոր աշխատողների վրա, և որ Հայաստանը կարողանա դատական գործ հարուցել իր քաղաքացիների նկատմամբ արտերկրում կատարած կոռուպցիոն բոլոր հանցագործությունների համար: Այս խնդրում հիմնական մարտահրավերը օրենսդրության արդյունավետ կիրառությունն է, ուստի Հայաստանից խստորեն պահանջվում է հետագա միջոցներ ձեռնարկել, որպեսզի դրանց կիրառողներն ավելի լավ հասկանան իրավական դրույթները և կաշառակերության դեպքերի վերաբերյալ անհրաժեշտ մակարդակի ապացույցներ ապահովեն:

Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսավորման թափանցիկությանը, ԳՐԵԿՈ-ն ընդունում է, որ քաղաքական ֆինանսավորման հաշվետվողականության ու թափանցիկության բարելավմանն ուղղված բարեփոխման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է: Այս համատեքստում Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում և ՀՀ Ընտրական օրենսգրքում տեղ գտած բազմազան թերությունների վերացմանն ուղղված (ինչպես օրինակ, մասնավոր նվիրատվությունների ու ծախսերի գումարի սահմանափակման կիրառումը միայն ընտրական քարոզչության ժամանակ, ոչ դրամային նվիրատվությունների կանոնակարգման և տեղական մակարդակում ընտրական քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության պակասը) Հայաստանի ջանքերն արժանի են խրախուսանքի: Բացի այդ, պետք է ապահովվի, որ կանոնների բոլոր խախտումները պատժի արժանանան և որ այդ խախտումների համար նախատեսված պատիժը լինի համարժեք: Առաջին հերթին առանցքային նշանակություն ունի կուսակցությունների ֆինանսավորման և ընտրական քարոզչության նկատմամբ հսկողության ուժեղացումը. պետք է ապահովվի, որ անկախ մոնիտորինգի մեխանիզմ սահմանվի, այն լիազորություն, ինչպես նաև ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ ունենա հետաքննելու քաղաքական ֆինանսավորման կանոնների խախտումները:

Զեկույցում ԳՐԵԿՈ-ն ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ 19 հանձնարարական, որոնց իրականացման ընթացքը կգնահատի 2012 թ. երկրորդ կեսին համապատասխանեցման հատուկ ընթացակարգով: