ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների ամենամյա զեկույցը, որն արտացոլում է 2010 թ. իրավիճակը ավելի քան 190 երկրներում: Հայաստանի վերաբերյալ զեկույցի «Պաշտոնեական կոռուպցիա և մարդու իրավունքներ» մասում նշված է, որ իշխանությունները բավարար չափով կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ չեն ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարում. կոնկրետ քայլեր չեն կատարվել կառավարությունում գոյություն ունեցող համակարգային կոռուպցիայի դեմ: Կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիական խմբերը նշել են, որ իշխանությունները շարունակում են անտեսել պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործելաոճի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումները:

Թեպետ 2009 թ. ՀՀ կառավարությունը հաստատել է 2009-12 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը, կառավարությունը ֆինանսավորում չի ապահովել դրա իրականացման նպատակով ու դրամական միջոցներ չի առանձնացրել հակակոռուպցիոն աշխատանքների համար:

Վերահսկիչ պալատը հրապարակել է տարվա ընթացքում բազմաթիվ պետական կառույցներում տեղ գտած կոպիտ խախտումների ու ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումներ, սակայն նախորդ տարիների նման այդ գործերով հազվադեպ են քրեական հետապնդումներ ձեռնարկվել:

Պաշտոնական վիճակագրության համաձայն տարվա ընթացքում տարբեր իրավապահ կառույցների կողմից հարուցվել է 420 կոռուպցիոն գործ, սակայն պաշտոնյաների հետ կապված քննության ու դատապարտումների դեպքերի մեծ մասն առնչվել է բաժնի պետերի կամ ցածր օղակի այլ պաշտոնյաների:

Կոռուպցիան շարունակել է խնդրահարույց լինել ոստիկանությունում ու անվտանգության ուժերում: Քաղաքացիները հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցները կաշառք են պահանջել քրեական գործերը կարճելու կամ պատիժները նվազեցնելու համար: Կոռուպցիան բանտերում շարունակել է խնդիր հանդիսանալ, որն ավելի է սրվում բանտի աշխատակիցների ցածր աշխատավարձի, ինչպես նաև վատ, իսկ երբեմն էլ վտանգավոր աշխատանքային պայմանների պատճառով:

Զեկույցի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ԱՄՆ դեսպանության ինտերնետային կայքը «Մարդու իրավունքների զեկույց 2010թ. Հայաստան»