Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ս.թ. մարտի 28-ից 30-ը մասնակցել է Բեռլինում կայացած «Փաստերի վրա հիմնված շահերի պաշտպանության պլանավորում ԹԻ ազգային մասնաճյուղերի համար» թեմայով ուսուցողական սեմինարին: Սեմինարի հիմնական խնդիրն էր` օժանդակել ԹԻ ազգային մասնաճյուղերին պլանավորելու շահերի պաշտպանության արդյունավետ քարոզարշավ` հիմնված Օրինավորության ազգային համակարգի (ՕԱՀ-ի) գնահատման արդյունքում հավաքված փաստերի վրա:

Սեմինարի մյուս խնդիրներն էին` նպաստել ՕԱՀ-ի գնահատում իրականացրած ազգային մասնաճյուղերի միջև փորձի փոխանակմանը, ինչպես նաև հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում փաստերի վրա հիմնված շահերի պաշտպանության հիմնական մարտահրավերների վերհանմանը: Սեմինարի ակնկալվող արդյունքներն են ազգային մասնաճյուղերի կողմից նախապատրաստական փուլի վերլուծության և շահերի պաշտպանության քարոզարշավների նախագծերը: